Քիչ առաջ Ազգային ժողովում խմբակցություններն իրենց վերջնական դիրքորոշումն են հայտնել Ռուսաստանի հետ դեկտեմբերի 2-ին կնքված «ՀայՌուսգազարդ» ընկերության առքուվաճառքի համաձայնագրի մասին, որն այսօր քվեարկության է դրվել:
ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը հայտարարել են, որ դեմ են քվեարկելու համաձայնագրին: ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու այսօրվա քվեարկությանը։
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ իրենց ոչ մի բացատրություն չի տրվել այն մասին, թե ինչու առաջիկա 30 տարում «Գազպրոմին» բացառիկ արտոնություններ են վերապահվում։
«Սա նշանակում է Հայաստանի տնտեսությունը կախվածության մեջ է դրվել «Գազպրոմի» կորպորատիվ շահերից», – ասել է նա:
ՀՅԴ-ականը նշել է նաև, որ որևէ բացատրություն չկա, թե ինչու է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը գնահատվել 65 միլիոն դոլար, ինչու չեն պահանջել անկախ գնահատող:
«Ավելի լավ չէ՞ր նվեր տայիք 20 տոկոսը, ասեիք՝ հայ ժողովրդի կողմից՝ ռուս ժողովրդին: Իբր գնահատել եք: Այսքան պարտավորություն էլ չէիք վերցնի 30 տարվա համար»,- ասել է Մինասյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասել է, որ Հայաստանը մնացել է անտեր, նորից օրակարգում Հայաստանի լինել-չլինելու հարցն է:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշել է, որ համաձայնագիրն այլ կերպ, քան պետական դավաճանություն որակել անհնար է, ուստի յուրաքանչյուր պատգամավոր, որ կողմ կքվեարկի, պատասխանատվություն է կրելու: