Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Նախաքննական մարմինը նրա մասնակցությունը հանցագործության կատարման գործում չի հաստատել:
«Առաջին օրվանից էլ սպասում էի այս պահին, ուղղակի սա շուտ պետք է լիներ, որովհետև ես անմեղ եմ։ Ամենաահավորն այն ա, որ մարդը անմեղ ա, նստած ա ու չգիտի, թե ինչի համար ա նստած, ամենաբարդ բանն է դա, ես սպասում էի այս օրվան, բայց չգիտեմ ինչու՝ այսպես ձգձգվեց»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Արայիկ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը սպանվել է Պռոշյանի գյուղապետարանի շենքի մոտ 2013 թվականի ապրիլի 2-ին։ Պռոշյան համայնքի տասնյակ ներկայացուցիչներ մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի և նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով բացահայտել սպանության իրական պատվիրատուներին։
Մուրադյանի գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի հարազատները նույնպես մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել Երևանում։ Դեկտեմբերի 5-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանն ասել է լրագրողներին, որ 9 ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված իր պաշտպանյալն անմեղ է և որևէ կապ չունի տվյալ սպանության հետ, ու տարակուսելի է, թե ինչպես է նախաքննություն իրականացնող մարմինը վարում գործը։