ՀՀ իշխանությունները սեփականաշնորհել են Արցախյան կարգավորման բանակցություններ վարելու իրավունքը` դուրս մղելով Արցախին որպես բանակցությունների ճանաչված կողմ: Lragir.am-ի փոխանցմամբ՝ այս մասին «Վերածնունդ» թերթի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ցուցաբերել Արցախի ժողովրդի, իշխանությունների և ընդդիմության միասնությունը Արցախը բանակցությունների լիարժեք կողմ վերադարձնելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա որպես Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության երաշխավոր:
«ՀՀ իշխանությունները, նրանց կրկնելով նաև մեր իշխանություններն անընդհատ ասում են, որ Արցախի ճակատագրի որոշման գործում վերջնական խոսքը պատկանելու է Արցախի ժողովրդին: Սրանք լոկ բառեր են, քանզի վերջին խոսքը սովորաբար պատկանում է դատապարտյալին և իրադարձությունների նման զարգացումների դեպքում հնարավոր է գա մի օր, երբ չեն հարցնի այդ վերջին խոսքը և ժողովրդի գլխին կփաթաթեն ցանկացած որոշում, ինչն այսօր գաղտնիք չէ և դրված է բանակցային սեղանի վրա», – ասել է Բադասյանը:
Այս ամենից խուսափելու համար նա առաջարկել է հանրաքվեով ընդունել Արցախի անվտանգության հայեցակարգ, որով հստակ կսահմանվեն արցախցիների դիրքորոշումները արցախյան կարգավորման շուրջ և որը կդառնա ուղեցույց բանակցություններին մասնակցող Արցախի ներկա և հետագա իշխանությունների համար:
«Աշխարհը սովոր է ճանաչել հստակ ձևակերպված ազգային ցանկությունները և սովոր է հաշվի նստել դրանց հետ: Նման ձևակերպված ազգային ցանկությունների բացակայությունը հնարավորություն է տալիս միջազգային դերակատարներին ներկայացնել ցանկությունների իրենց օրակարգը, որը չի համընկնում մեր ազգային իղձերի հետ:
Արցախի ժողովրդի այս հստակ կեցվածքի դեպքում ճանաչումն անխուսափելի է: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա վերջին հարյուրամյակում բազմաթիվ պետություններ են առաջացել և նրանք բոլորն էլ նմանատիպ ճանապարհներով են անցել», – եզրափակել է Բադասյանը:
Լուսանկարը՝ mitk.am