Նոյեմբերի 5-ից կալանավորված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը հացադուլից դուրս գալուց հետո ուշագնաց է եղել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով այսօր այցելել է իր պաշտպանյալին։
Փաստաբանի խոսքով՝ նրան հացադուլը դադարեցնելու որոշումից հետո ոչ թե դիետիկ սնունդ են տվել, ինչը պետք է արվեր, այլ՝ հավկիթ, ինչն էլ ուշագնացության պատճառ է դարձել։
Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ իրեն այսօր մոտ մեկ ժամ թույլ չեն տվել մտնել պաշտպանյալի մոտ հենց նրա ուշագնաց լինելու պատճառով։
Փաստաբանը բողոքել է այն պայմաններից, որոնցում պահվում է Շանթ Հարությունյանը՝ սենյակը չի ջեռուցվում, իսկ մշտական տեղափոխությունները բացասաբար են ազդում առողջության վրա։
Պետրոսյանը նաև հիշեցրել է, որ ձերբակալվածին արդեն 3 ամիս է՝ թույլ չեն տալիս հանդիպել հարազատների հետ։ Փաստաբանը նաև նշել է, որ քննչական մարմնից իրեն բանավոր հայտնել են, որ Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել։ Հիշեցնենք, որ ձերբակալվելուց հետո նա մեկ ամիս անցկացրել էր «Նուբարաշեն» հոգեբուժարանում, որտեղ դատաբժշկական փորձաքննության էր ենթարկվել։ Պետրոսյանին գրավոր եզրակացությունն առայժմ չեն տրամադրել։
Փաստաբանի միջոցով Հարությունյանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին, նշել է, որ ինքն անկոտրում է և շարունակելու է պայքարը։
Լուսանկարը՝ Aravot.am