Պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանը հիվանդանոցում չի մահացել, ինչպես ավելի վաղ հայտնել էին, այլ նրան արդեն մահացած են բերել հիվանդանոց, կամ էլ հիվանդանոց մուտք գործելու պահին է մահացել, քանի որ անգամ վերակենդանացման բաժանմունք հասցնել չեն կարողացել: Այս մասին Galatv.am-ին հայտնել են Էջմիածնի հիվանդանոցից։
«Հիվանդանոցում չի մահացել զինվորը, բերել են արդեն մահացած: Ինչից է մահացել, նման տվյալները ոնց որ թե հայտնի չեն, հարազատներն էլ ոնց որ թե ստեղ չեն եղել, չենք տեսել ոչ մեկին, դիահերձումից հետո նոր պարզ կլինի, թե ինչից է մահացել: Զորամասից են բերել, զինծառայող է, նշված չէ՝ որ զորամասից, միայն անուն-ազգանունն է նշված»,- ասել են հիվանդանոցի ընդունարանից:
Հարցին, թե զինծառայողի վրա կա՞ն բռնության հետքեր, նա արդյո՞ք ծեծված է եղել, թե ոչ, ո՛չ ընդունարանից, ո՛չ էլ վերակենդանացման բաժանմունքից չեն պատասխանել:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժնից էլ կրկնեցին, որ հիվանդանոցը մահացած զինվոր է ընդունել: Վերակենդանացման բաժանմունքի ցերեկային հերթապահի բժշկուհին ասաց, որ ինքը զինծառայողին չի տեսել, նրան գիշերային հերթապահն է ընդունել, ով արդեն տուն է գնացել: Բժշկուհին ասաց, որ երբ ինքը եկել է հիվանդանոց, արդեն զինծառայողը դիահերձարանում է եղել:
Yerkir.am-ի տեղեկություններով` Էդիկ Շահնազարյանը Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից է, 4 երեխաներից կրտսերը: Նրա 18 տարին լրացել էր նոյեմբերի 28-ին, իսկ բանակ էր զորակոչվել ընդամենը մեկ շաբաթ առաջ: Կայքի տեղեկություններով` նորակոչիկը քթի վիրահատություն էր տարել և դեռ լիովին չէր ապաքինվել: Բանակում մի քանի օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել: Մահվան պատճառը հնարավոր է մրսածությունը լինի և միգրենը:
Մահացած զինվորը սոցցանցի իր էջում նկար էր տեղադրել, որին գրված է. «Մարդիկ հաճախ վախենում են մեռնելուց … Նման հիմարները չեն հասկացել, որ ապրելն ավելի դժվար է…»:
Ավելի վաղ ՊՆ քննչական ծառայությունից հայտնել էին, որ փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննություն է ընթանում։