ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, ներկայումս մեկ այլ զորամասի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Բագրատ Մաթևոսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել իշխանազանցության համար, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Մաթևոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, բայց նաև ազատել պատժի կրումից՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ:
2013թ. հունվարի 24-ին շարքից ուշանալու կապակցությամբ զինվորների միջև վիճաբանությունից հետո Մաթևոսյանը ջոկի հրամանատար, գործով տուժողին հարցրել էր, թե նա ինչով է զբաղված եղել, որ նրա հրամանատարության ներքո գտնվող զինվորը վիճաբանել է մեկ այլ զինծառայողի հետ, և, լսելով, որ նա անտեղյակ է կատարվածից, Մաթևոսյանը հարվածել է տուժողին, որի հետևանքով նրա քիթը արյունահոսել է:
Բացի այդ, 2013 թվականի մայիսի 25–ին մեկ այլ ջոկի հրամանատարը ինքնակամ թողել է զորամասը, գարեջուր խմել և ոգելից խմիչքի ազդեցության տակ երեկոյան անվանականչից հետո վերադարձել զորամաս: Կատարվածի մասին զեկուցվել է զորամասի հրամանատար Մաթևոսյանին, ով հանձնարարել է իր մոտ ներկայացնել զինվորին: Մաթևոսյանի հարցին, որ արդյոք գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ, նա արհամարհական պատասխանել է «ճիշտ այդպես», որից հետո Մաթևոսյանը նրան ևս հարվածել է, «պատճառելով առողջության միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով, որով էական վնաս է պատճառվել զինվորական ծառայության կրման սահմանված կարգին»:
Առաջադրված մեղադրանքում Մաթևոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մինչ դատաքննություն սկսելը միջնորդել դատարանին` դատական քննություն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ 44-ամյա Մաթևոսյանը թեև նախկինում դատապարտված է եղել, սակայն դատվածությունը մարված է և համարվում է դատվածություն չունեցող անձ, «անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, հրամանատարության կողմից բնութագրվում է դրականորեն, 1991–1994թթ. մասնակցել ՀՀ սահմանների ինքնապաշտպանական մարտերին, բազմիցս խրախուսվել է գերատեսչական պարգևներով, խնամքին ունի մինչև 14 տարեկան երկու երեխա»: