Սիսակյան 3 շենքի վթարային հատվածի մի խումբ բնակիչներ իրենց բնակության հարցը լուծելու պահանջով այսօր դիմել են քաղաքապետարան, սակայն նրանց չեն ընդունել: Բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի մոտ:
Նրանք պահանջում են, որպեսզի գոնե 10 բնակիչների շտապ տուն տրվի, քանի որ շենքի որոշ հատվածներում ապրելն անհնար է, ինչի մասին է վկայում նաև փորձաքննությունը:
Բնակիչներից Լիլիթ Քոչարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք պահանջում են փորձագիտական հանձնաժողով կազմել՝ համոզվելու, որ շենքի վթարային հատվածի բնակիչներին բնակարան չեն հատկացրել:
Նշենք, որ քաղաքապետարանից խոստացել են բնակարանների հարցը լուծել մինչև 2015 թվականի վերջը, սակայն բնակիչները համոզված են, որ շենքը կարող է փլվել ամեն օր: Լիլիթ Քոչարյանի խոսքով` իրենց շենքում օրեր առաջ փլուզում է եղել, և Արտակարգ իրավիճակների նախարարությունը փաստել է, որ շենքը 4-րդ կարգի վթարային է:
Նախագահական նստավայրում բնակիչներին ընդունել են և մոտ մեկ ժամվա զրույցից հետո առաջարկել են հանձնաժողով ստեղծելու պահանջով գրավոր դիմում ներկայացնել։