Հունվարի 30-ին ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը հայաստանցի Մամոկոն Խոջայանի հետ հարցազրույց է եթեր հեռարձակել: Խոջայանը երկու օր առաջ գերության մեջ է հայտնվել Ադրբեջանում: Տարեց մարդու հետ խոսում են հայերեն: Տեսանյութում երևում է, որ գերված տղամարդու ձեռքը գիպսի մեջ է:
Հեռուստահաղորդավարը ներկայացնում է Խոջայանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու պաշտոնական վարկածը. «Դիվերսիոն խմբի խմբավար Մամիկ Տիգրանի Խոջայանը, որին բռնել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի ուղղությամբ հունվարի 28-ին, հարցազրույց է տվել ANS ալիքին: Հայ գերին ասել է, որ իրեն լավ է զգում և գոհ է իր հանդեպ դրսևորած ուշադրութունից: Խոջայանն իր մասին ոչ հստակ տեղեկատվություն է տալիս՝ մերթ ներկայանալով որպես ազգային անվտնագության ծառայության աշխատակից, մերթ՝ խաղողագործ, ով ոգելից խմիչքներ է պատրաստում: Ներկա պահին գերվածը բուժում է ստանում հիվանդանոցում»: Ապա հաղորդավարը փոխանցում է Խոջայանի բառերը. «Վերին Կարմիրր գյուղի այգու միջին խաղողի գործ եմ անում: ԿԳԲ-ի աշխատող եմ»:
ANS-ի համաձայն, բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, թե «կարճատև հրաձգությունից հետո գերեվարվել է նահանջող թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի 65-ամյա զինված ու վիրավոր խմբավարը»: Ավելի ուշ haqqin.az-ի լրագրողները պարզել էին, որ «դիվերսանտին բացահայտել ու գերեվարել են Ադրբեջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները»։ Իսկ ահա Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ հայկական գյուղի գյուղապետը հայտնել է, որ Ադրբեջանում գերի է ընկել իրենց գյուղի 76-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանը, ով, գյուղապետի խոսքով, հոգեկան խնդիրներ ունի ու գրանցված է հոգենյարդաբանական դիսպանսերում։