Այսօր մինչև կարավարության նիստի մեկնարկը գործադիրի անդամները խոսել են Վանաձորում ստեղծված իրավիճակի մասին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանից հետաքրքրվել է, թե ինչ վիճակ է տիրում քաղաքում, որտեղ դադարեցվել է գազամատակարարումը, և ինչ է արվում ստեղծված վիճակը փոփոխելու համար:
Փոխվարչապետն ասել է, որ մի քանի օր առաջ քաղաքում խոշոր վթար է տեղի ունեցել գազի հիմնական մագիստրալի վրա, և սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար գազամատակարարումը դադարեցրել է:
Որպես դրա հետևանք խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն շենքերում, այլ նաև հիմնարկներում: Գևորգյանի խոսքով՝ վթարի օրը որոնողական աշխատանքների հետևանքով հայտնաբերվել է վթարի տեղը:
«Բավական բարդ վթար է եղել, երեքշաբթվանից գազի մատակարարումը մասամբ սկսել է վերականգվել: «Հայռուսգազարդ»-ի ինժեներն ասել էր, որ վթարը վերացվել է: Այսօր օրվա ընթացքում գազ սպառողները կստանան գազ: Միանգամից բավականին ցուրտ եղանակային պայմաններում բնակչության մեծ մասն սկսեց էներգիա սպառել, լարվածության արդյունքում սկսեցին խափանումներ առաջանալ էներգահամակարգում: Առավոտյան մարզպետը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տանում, որ կրթական, առողջապահական հիմնարկները աշխատանքի նորմալ հունի վերադառնան: Որոշ շենքերում ներքին ջրամատակարարման ցանցերն էլ են սառել: Հուսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս չենք ունենա ու առաջիկա օրերին բոլոր հիմնարկները կվերադառնան բնականոն աշխատանքի», – ասել է Արմեն Գևորգյանը:
Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արարատ Մարգարյանը պատմել է, որ այս պահի դրությամբ գազի մատակարարումը քաղաքի որոշ հատվածներում սկսել են վերականգնել։ «Հայռուսգազարդ»-ի ներկայացուցիչները շրջում են թաղամասերով և տեղեկացնում են, թե ով երբ է գազ ունենալու։
Նախորդ երկու օրերին Վանաձորում բավական ծանր իրավիճակ է գրանցվել, քանի որ քաղաքի կենտրոնական հատվածները հիմնականում գազից և էլեկտրաէներգիայից զրկված են եղել։ 12։00-ի դրությամբ վթարի ենթարկված մագիստրալի հատվածում աշխատանքները դեռ շարունակվում են։