139 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հրաչյա Գրիգորյանը միտումնավոր փորձել է հավասարակշռությունից հանել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին: 139 դպրոցում տեղի ունեցած միջադեպին անդրադառնալով՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը: Նա դիմել է ոստիկանությանը՝ խնդրելով արդարացի քննել տեղի ունեցածը:
Բադալյանն ասել է, որ ուսուցիչը նախ աղջիկների ներկայությամբ ասել է, որ Շահենը դառնալու է աղջիկ, մազերը ներկելու է և եղունգներն է երկարացնելու: Ըստ տղայի մոր՝ ուսուցիչն աստիճանաբար խոսակցությունը տարել է դեպի քաղաքականություն, հայտարարել է, որ «իզուր են հայ ֆիդայիները զոհվել» և որ «մեր ժողովուրդը միշտ էլ ստրուկ է եղել»:
«Նախ՝ ուսուցիչը իրավունք չուներ քաղաքական քարոզչություն անել, և առավել ևս՝ երեխայի հոր դեմ քարոզ անել: Որդուս իր կարծիքն արտահայտելու համար անվանել է հոգեկան հիվանդ: Ուսուցիչ մայորը անչափահաս երեխաներին ասել է, որ հայ տղամարդիկ եվրոպացի տղամարդկանց խնդրում են իրենց կանանց հետ քնել, որ նորմալ սերունդ առաջանա և ոչ թե հայ երեխաների նման «ուռոդ ու ոախիդ»: Փաստեմ, որ Շահենը գիտակցաբար չի խառնվել այս խոսակցությանը։ Սակայն, երբ մյուս երեխաները ընդվզել են, նա մատնացույց է արել Շահենին և ասել. «Երեխեք, մի վիճեք, ծնվում են սրա նմանները»»,- պատմել է Ռուզաննա Բադալյանը:
Քաղբանտարկյալի կինը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իր որդին ներքաշվում է ինչ-որ միջադեպի մեջ: Նրա նկատմամբ, օրինակ, բռնություն էր կատարվել անհայտ քաղաքացիական հագուստով մարդու կողմից, ով ծեծել էր Շահենին՝ թռուցիկներ բաժանելու համար:
Ռուզաննա Բադալյանը նշել է, որ իր ամուսնուն՝ Շանթ Հարությունյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բանտում սպառնացել էր, որ իր անչափահաս որդու նկատմամբ բռնություն կկիրառվի: