2013 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին հայաստանյան ԶԼՄ-ներից 9 -ում ատելության խոսքի վերհանման նպատակով իրականացված դիտարկման ընթացքում պարզվել է, որ ատելության արտահայտություններն ընդհանուր առմամբ շատ չեն։
Դիտարկման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է հետազոտությունն իրականացրած «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Ուսումնասիրվել է 9 լրատվամիջոց՝ 3 հեռուստաընկերություն («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ» , «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր): Հեռուստաընկերությունների դիտարկման օբյեկտ են հանդիսացել լրատվական ծրագրերի հիմնական թողարկումների նյութերը («Հ1»-ի եթերում` «Հայլուր», «Երկիր մեդիայի» եթերում` «Երկիրն այսօր»/«Երկրի շաբաթը», «Կենտրոնի» եթերում` «Էպիկենտրոն»), ինչպես նաև այդ թողարկումներին հաջորդող վերլուծական հաղորդումները (համապատասխանաբար` «Տեսանկյուն», «Երկրի հարցը», «Ուրվագիծ»): Նշված տպագիր ու առցանց լրատվամիջոցներում հաշվառվել և դիտարկվել են բոլոր հրապարակումները՝ բացի առեևտրային, քաղաքական, սոցիալական գովազդներից ու հայտարարություններից։
Մելիքյանը նշել է, որ այդ լրատվամիջոցների հրապարակումների/տեսանյութերի ամբողջ քանակի (151 939) միայն 1 տոկոսն է եղել ատելության խոսք պարունակող. 0,12 տոկոսը՝ հեռուստաեթերում, 0,29 տոկոսը` տպագիր մամուլում և 0,60 տոկոսը` առցանց լրատվամիջոցներում։
«Դրանք հաճախադեպ են առցանց ԶԼՄ-ներում, քան թերթերում և հեռուստահաղորդումներում: Երեք կայքում («1in.am», «7or.am», «Tert.am») արձանագրված ատելության խոսքի ընդհանուր քանակը 1097 է: Ամենաշատը գրանցվել է «7or.am»-ում՝ 567: Այս եռյակից` ատելության խոսքի ամենաքիչ քանակն արձանագրվել է «Tert.am» կայքում` 176 արտահայտություն, իսկ «1in.am»-ում դրանք 354-ն են։ Ատելության խոսքի ամենաքիչ քանակը գրանցվել է դիտարկված հեռուստաընկերությունների («Հ1», «Երկիր մեդիա», «Կենտրոն») հաղորդումներում («Հայլուր», «Տեսանկյուն», «Երկիրն այսօր»/«Երկրի շաբաթը», «Երկրի հարցը», «Էպիկենտրոն», «Ուրվագիծ»): Այս դեպքում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է ատելության 206 արտահայտություն, ամենաքիչը` «Հ1» հեռուստաընկերության եթերում` 29, ամենաշատը` «Կենտրոնում»` 116 ատելության խոսք: Իսկ «Երկիր մեդիայի» հաղորդումներում գրանցվել է ատելության 61 արտահայտություն», – ասել է բանախոսը։
Վերջինիս խոսքով՝ տպագիր ԶԼՄ-ներն էլ միջին դիրք են զբաղեցնում առցանց ԶԼՄ-ների և հեռուստաընկերությունների համեմատությամբ:
«Դիտարկված թերթերում («Ազգ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ») հանդիպել է ատելության 492 արտահայտություն: Այստեղ ամենաշատը գրանցվել է «Հայկական ժամանակ»-ում` 247, ամենաքիչը` «Ազգ»-ում` 86 ատելության արտահայտություն: Իսկ «Հայոց աշխարհ» օրաթերթում այդպիսիք 159-ն են: Ինը լրատվամիջոցում արձանագրված ատելության խոսքի ընդհանուր քանակը 1795 է, որի գերակշիռ մասը` 64,2 տոկոսը, ըստ թեմատիկ դասակարգման` քաղաքական ատելության արտահայտություններ են, իսկ 18,8 տոկոսը` սոցիալական: Դիտարկված ԶԼՄ-ներում գրանցվել է սեռական և կրոնական բնույթի ատելության խոսքերի հավասար քանակ, սրանցից յուրաքանչյուրը կազմում է 5,5-ական տոկոս: Արձանագրված արտահայտությունների 3,7 տոկոսն այլ բնույթի է: Եվ միայն 2 տոկոսն է ազգային խտրականության դրսևորում: Ի դեպ, ռասայական ատելության արտահայտություն հանդիպել է միայն մեկ անգամ` «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում, այն էլ խմբագրության կողմից քննադատական վերաբերմունքով, և խոսքն առնչվել է Ռուսաստանում տիրող իրավիճակներին», – նշել է Մելիքյանը։
Հետազոտության տվյալների համաձայն՝ ԶԼՄ-ներում, ընդհանուր առմամբ, արձանագրված ատելության 1795 արտահայտության նկատմամբ խմբագրությունների դրսևորած վերաբերմունքը 77,1 տոկոսի դեպքում գնահատվել է չեզոք, 21,1 տոկոսի դեպքում` դրական (համաձայնություն), իսկ 1,7-ի դեպքում` քննադատական։