Թուրքիայի անվտանգության ուժերը փետրվարի 7-ին ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու, այն բանից հետո, երբ վերջինս սպառնացել է պայթեցնել ինքնաթիռն ու պահանջել այն ուղղել դեպի Սոչի, որտեղ ընթանում էր ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Այս մասին գրում է Associated press գործակալությունը։
NTV հեռուստաընկերության համաձայն՝ օդաչուի ազդանշանը ստանալուց անմիջապես հետո Թուրքիան F-16 կործանիչ է ուղարկել օդ, որի ուղեկցությամբ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Ստամբուլում։
Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են ենթադրյալ ահաբեկչին, իսկ ինքնաթիռի մյուս 109 ուղևորները տարհանվել են։ Նահանգապետի խոսքով՝ ուղևորի մոտ պայթուցիկ չի հայտնաբերվել։
Տղամարդու հիմնական շարժառիթները պարզ չեն, սակայն, Մութլուի խոսքով, նա «պահանջներ է ունեցել իր երկրի վերաբերյալ» ու ցանկացել է «Սոչիում սպորտային միջոցառումների վերաբերյալ հաղորդագրություն փոխանցել»։