«Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործունեություն իրականացնող բազմաթիվ տնտեսվարողների տուգանել է ձմռան ձնառատ ամիսներին իրենց խանութներին հարակից մայթերը ձյունից չմաքրելու համար, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։ Թերթի փոխանցմամբ՝ տուգանված տնտեսավարողները Երևանի տարբեր վարչական շրջաններից են, տուգանքի չափը՝ 10-20 հազար դրամ։
Երեկ մի քանի տասնյակ տնտեսվարողներ քաղաքապետարանում էին՝ Վարչատուգանային հանձնաժողովի նիստին մասնակցելու և պարզաբանումներ տալու համար։ Ինչպես տնտեսվարողներն են պնդում, քաղաքապետարանի կողմից լիազորված տեսուչներն իրենց տուգանել են թաքուն, առանց իրազեկելու։ Նրանցից մեկը փաստաբան Ալբերտ Կանդալյանի վստահորդն է։ «Հժ»-ի հետ զրույցում փաստաբանը ներկայացրել է խնդիրը։
Երևանի ավագանու որոշման համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ամառ-ձմեռ մաքրել, խնամել և բարեկարգել իրենց պատկանող օբյեկտների հարակից տարածքները՝ ըստ պայմանագրով սահմանված մակերեսի։ Սակայն, ըստ փաստաբանի, արձանագրությունների մասին տնտեսվարողներին տեղյակ չեն պահել։ Ավելին՝ ակտում նշված է, թե իբր տնտեսվարողը հրաժարվում է կատարել իր պարտականութունները։
«Թաղապետարանի աշխատողը մտնում է իմ խանութ ու տեղեկացնում, որ այսօր նիստ է լինելու, զգուշացնելով՝ կգաք, կտուգանվեք 10 հազար դրամ, չեք գա՝ 20 հազար դրամ։ Ավելին՝ երբ նիստի ժամանակ տուգանման հիմքերն եմ պահանջում, ինձ պատասխանում են, որ եթե պետք լինի, դատարանում ցույց կտան։ Այսինքն՝ դատարանը ի սկզբանե ցուցադրում է արհամարհական վերաբերմունք տնտեսվարողի նկատմամբ նույնիսկ հանձնաժողովում չցուցադրելով այդ հիմքերը»,– «Հժ»-ին պատմել է տուգանված տնտեսվարողներից մեկը։ Նա նշել է, որ իր խանութում կան տեսախցիկներ և շատ հեշտ է դատարանում ապացուցել, որ իր մոտ տեսուչներ չեն մտել։
Փաստաբան Ալբերտ Կանդալյանն էլ ասել է, որ իր վստահորդի լիազորությամբ հայց է ներկայացնելու դատարան։ Նա չբացառեց, որ կարող է անգամ խմբակային հայց լինել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Տուգանված տնտեսվարողների թիվն անցնում է երկու հարյուրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում