Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է օրինագիծ, համաձայն որի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ կարձակվի կալանքից։
Տիմոշենկոն 2011 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Նրա ազատ արձակման օգտին է քվեարկել 365 պատգամավորներից 310-ը։
«Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Աննա Գերմանը նշել է, որ օրենքը թույլ կտա Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակել բանտից ու հավելել, որ միշտ հանդես է եկել դրա օգտին։
Գերմանի խոսքով՝ կարևոր է այն, որ օրինագծի օգտին քվեարկել է նաև պատգամավոր Իննա Բոգոսլավսկայան, ով «Տիմոշենկոյին բանտ է նստեցրել»։
Նշենք, որ երեկ Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է օրինագիծ՝ 2004 թվականի սահմանադրությանը վերադառնալու մասին, որով սահմանափակվում են նախագահի ներկայիս լիազորություններն ու դրանց մի մասն անցնում է խորհրդարանին, ինչպես նաև՝ պաշտոնանկ արել երկրի ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոյին։