Home / Հայաստան / ՀՀԿ-ականը Մարտի 1-ի հանձնաժողովին կողմ է, եթե հրավիրվեն Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը

ՀՀԿ-ականը Մարտի 1-ի հանձնաժողովին կողմ է, եթե հրավիրվեն Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը

Եթե չլինեին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Դաշնակցությունը փակելու, ԶԼՄ-ները փակելու մասին որոշումները, չէր լինի 1996 թվականը, երբ ցուցարարների դեմ բանակային ուժ կիրառվեց: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում՝ Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկման ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա ասել է, որ կարող է կողմ քվեարկել հանձնաժողովին, եթե այն պարտավորվի հրավիրել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը հարկ է համարել հիշեցնել, որ Մարտի մեկին վիրավորվել է 35 քաղաքացիական անձ, իսկ ոստիկաններից տուժել է 220 մարդ:

Նույն խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ իր ելույթում ասել է, որ հայաստանցիները դասեր չեն քաղել Մարտի մեկի դեպքերից և չեն քաղի, քանի դեռ ընդդիմությունը չի հասկացել, որ, իրենցից բացի, այլ հաղթողներ էլ են լինում: Նա ասել է, որ ԶԼՄ-ների ազատության, հավաքների անցկացման առումներով Հայաստանը այժմ այլ մակարդակի վրա է, քան 2008 թվականին:

Պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասել է, որ ինքը դեմ է Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն և ունի «տղամարդկություն դա ասելու», դա իր անձնական կարծիքն է և կապված չէ խմբակցության դիրքորոշման հետ։