Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին խնդրել է պարզաբանումներ տալ Արարատյան դաշտավայրում ջրերի խնդիրների հետ կապված տեսչական գործողությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան նախարարը նշել է, թե Արարատյան դաշտավայրում իրականացվում են ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ։
«Մենք այդ մասին բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, համայնքներում, մարզպետարաններում քննարկումներ ենք կատարել և ներկայացրել այն ծրագիրը, որը մենք իրականացնելու ենք օրենսդրական ու մնացած բոլոր առումներով», – ասել է Հարությունյանը և ընդգծել, որ վերջին օրերին թեմայի շուրջ մի շարք անհիմն և անհեթեթ մեկնաբանություններ են եղել։
Ինչ վերաբերում է «Արարատցեմենտի» ջրազրկմանը, ապա, նախարարի խոսքով, դրա շուրջ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նշենք, որ գործարանի շուրջ վերջին զարգացումները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որակել էր որպես Գագիկ Ծառուկյանին «ճնշելու փորձ»։ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ անմիջական կապ է տեսնում ԲՀԿ-ի փետրվարի 15-ի համագումարում հնչեցված հայտարարությունների և Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի աշխատանքը խոչընդոտելու փորձերի միջև։
Բնապահպանության նախարարը, սակայն, այսօրվա նիստին խնդրել է չքաղաքականացնել հարցը։
«Պետք է հայտարարեմ, որ համաձայն «Արարատցեմենտի» կողմից 2013 թվականի դեկտեմբեր ամսին մեզ ներկայացված տեղեկատվության, գործարանը արտադարական նպատակով գործունեություն չի ծավալում, բնականաբար նաև ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատաել ցամաքուրդային համակարգից, համակարգ, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար», – ասել է Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք անօրինական ջրօգտագործողներ, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններ:
«Եթե մենք համեմատեnք այդտեղ եղած ջուրը և գործարանի արտադրական նպատակով օգտգործովող ջուրը, կարելի է երկուհարյուրապատիկով համեմատել, այսինքն՝ գարծարանն արտադրական նպատակով օգտագործում է վայրկյանում 16 լիտր ջուր։ Բնականաբար՝ մեր գործողությունները տալիս են իրենց արդյուքնները իմաստ չունի այդ գործառույթները անհարկի քաղաքականացնել», – եզրափակել է նախարարը։
Լուսանկարը՝ Azatutyun.am