Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործով նշանակված երկու փորձաքննությունների եզրակացությունը պատրաստ է: Այս մասին News.am-ին հայտնել է Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ փորձաքննությամբ պարզվել է, որ կրակոցների արգասիքներ չեն հայտնաբերվել ոչ ավտոմեքենայի մեջ, ոչ ավտոմեքենայի վրա, ոչ էլ Սպարտակ Ղուկասյանի հագուստին:
Հայկ Ալումյանն ասել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել, նա նորից չի հարցաքննվել: Հաջորդ քայլը, ըստ փաստաբանի, պետք է լինի, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:
«Գործը ձգձգվում է, ժամանակը չէ՞ արդյոք կամ այն ուղարկեն դատարան, եթե իրենց թվում է, թե մեղադրանքը հաստատվում է, կամ դադարեցնեն հետապնդումը, թե չէ այսպես օդում կախված վիճակ է: Չգիտեմ՝ ինչու է ձգձգվում գործը, դրանից ելնելով չեմ կարող ասել՝ երբ կուղարկվի դատարան»,- նշել է Ալումյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ գնալով Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ, սկսել էր հայհոյել ու սպառնացել էր «խփել տալ» Բալասանյանին։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։
Լուսանկարը՝ News.am։