ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության Մոսկվայի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել հանցավոր խմբավորման անդամների, որոնք կասկածվում են Մոսկվայի շրջանում մի շարք ոսկերչական խանութներ կողոպտելու մեջ։ Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը՝ նշելով, որ, ըստ վարչության, հանցագործները 29-ից 37 տարեկան հայազգի անձինք են։
Ոստիկանությունը պարզել է, որ հանցագործները գիշերվա ժամերին ներխուժում էին խանութների տարածք ու թալանում ունեցվածքը՝ չհրկիզվող պահարաններում գտնվող դրամական միջոցներն ու ոսկերչական զարդերը։ Հանցագործությունների հետևանքով գրանցված նյութական վնասը կազմել է ավելի քան 30 միլիոն ռուբլի։
Բերման ենթարկվածների բնակության վայրի հետախուզման արդյունքում առգրավվել է 163 ոսկերչական զարդ, գերմանական արտադրության որսորդական զենք, օպտիկական նշանոցով երկու հրացան և դրանց 180 փամփուշտ, երեք տրավմատիկ ատրճանակ, աչքերի մասում կտրվածքներով 7 գլխարկ, 43 բջջային հեռախոս, 30 սիմ քարտ։
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածով (հատկապես խոշոր չափերի գողություն) և ՌԴ ՔՕ 222-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերքի պահում)։ Հոդվածների համաձայն՝ հանցագործներին սպասում է մինչև տասը տարվա ազատազրկում։