«Հարսնաքարի» գործով դատավարությունը երեկ ավարտվեց, դատավորն անցավ խորհրդակցական սենյակ՝ մինչ այդ ամբաստանյալները վերջին խոսքում զղջման որևէ խոսք չասացին, փոխարենը դատարանից պահանջեցին իրենց ազատել պատասխանատվությունից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանն իր վերջին խոսքում գնահատել է տուժողների ցուցմունքները․ «Տուժողները դատարանում տվեցին մեկը մյուսին լրացնող, ակնհայտ սուտ ցուցմունքներ, որի համար մարդկանց ոչ մեկը ոչ մի բան չասեց, ոչ մի պատասխանատվության չփորձեց ենթարկի սուտ ցուցմունքների համար, էդ է պատճառը, որ պարոն Եգորյանը փոխհատուցում ա ուզում ինձանից»:
Ապա նա դիմել է Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանին․ «Տուժողները, պարոն Եգորյան, և դուք պետք ա փոխանցեք իմ հաշմանդամ ծնողներին ու իմ ընտանիքին, իմ 3 տարեկան երեխային, որի խնամակալը հանդիսանում եմ ես, որ 2 տարի ա՝ ազատազրկված եմ, չգիտեմ՝ ինչի համար»:
«Հարսնաքարում» մատուցող աշխատած ամբաստանյալ Դավիթ Ադամյանը ելակետ է համարել այն պնդումը, թե «մեղավորը» սպանված Վահե Ավետյանն է: «Ազատությունը» նշում է, որ քրեական գործում բազմաթիվ վկայություններ կան, որ Վահե Ավետյանին մահվան հասցնելու ծեծը սկսվել է Դավիթ Ադամյանի հարվածից:
«Ինձ նսեմացնելու համար մի հատ խփել եմ», – ասել է Ադամյանը:
Ամբաստանյալ Ադամյանն ասել է, թե պատրաստ է պատասխանատվություն կրել Վահե Ավետյանին հարվածելու համար:
Վահե Ավետյանին մահացու հարվածներ հասցնելու պատասխանատվությունը ստանձնած ամբաստանյալ, ըստ քրեական գործում առկա ցուցմունքների՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ Նորայր Հայրապետյանը, վերջին խոսքով հանդես չեկավ, պատճառաբանեց, թե իր խոսքը ճառով է ասել: Իսկ պաշտպանական ճառում Նորայր Հայրապետյանը Վահե Ավետյանին ծեծելու վերաբերյալ այսպես էր արտահայտվել․ «Նույն բանը ռինգում էլ է լինում, մրցումների ժամանակ խփում են, գլուխդ կպնում է գետնին, մեռնում է: Հիմա այդ սպորտսմենը ի՞նչ անի․․․»:
Վերջին խոսքով հանդես գալով՝ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքում:
Միևնույն ժամանակ ասաց, թե պատրաստ է փոխհատուցել զինվորական բժիշկ Արտակ Բայադյանին՝ շարունակելով չընդունել Բայադյանի մեղադրական ցուցմունքները․ «Թող ինքը ներկայացնի՝ ինչ վնաս է կրել, ես պատճառեմ, բայց թող ճիշտը ասի»:
Ամբաստանյալ Արման Բաղդասարյանն էլ վերջին խոսքում իրեն անմեղ է որակել:
Մյուս ամբաստանյալը՝ վարորդ Արթուր Բաբլոյանը, հիշեցրեց համաներում հայտարարելու մասին խորհրդարանի որոշումից հետո իր տված ցուցմունքը, թե ինքն է հարվածել զինվորական բժիշկ Գարիկ Սողոմոնյանին: Դատարանից խնդրել է իր նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնել այդ ցուցմունքները:
Մինչ ամբաստանյալների վերջին խոսքը լսելը դատարանը քննարկեց նաև տուժող կողմի ներկայացրած քաղհայցը: Կերակրողին կորցնելու հետևանքով պատճառած նյութական վնասի, տուժող Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և մյուս տուժողների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված բարոյական վնասի հանրագումարը, ըստ հայցի, ավելի քան 297 միլիոն դրամ է, մոտ՝ 721 հազար դոլար: Ամբաստանյալների պաշտպանները հայտարարեցին, թե քաղհայցը չի ներկայացվել օրենքի պահանջով: Մինչդեռ տուժող կողմը պնդեց հակառակը, իսկ մեղադրող Արմեն Մարուխյանն ասաց՝ դեմ չի լինի, որ տուժող կողմի պահանջած գումարը դատարանի որոշմամբ բռնագանձվի: Հիշեցնենք՝ տուժող կողմը պահանջել էր այդ գումարը բռնագանձել 6 ամբաստանյալներից, նաև «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանից՝ մինչ այդ որպես հայցի ապահովման միջոց կալանք դնել Ռուբեն Հայրապետյանի, նրա ընկերության, նաև վեց ամբաստանյալների գույքի վրա՝ մինչև վերջիններս փաստացի բավարարեն պահանջները: Դատավորը քաղհայցի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի դատավճռի հրապարակմամբ: Ի դեպ, քաղհայցի բավարարման դեպքում դատարանը չի կարող կիրառել համաներում, մեկնաբանեց տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը․ «Նրանք չեն կարող պատժից վաղաժամկետ ազատվել և չի կարող նրանց ազատազրկման պատիժը փոխարինվել ազատազրկման հետ չկապված որևէ պատժով մինչև վնասների հատուցումը»:
Դատավճիռը կհրապարակվի մարտի 24-ին: