Եվրամիության անդամ երկրները պատրաստ են մարտի 21-ին անցկացնել գագաթաժողով՝ Ուկրաինայի ու Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման վերաբերյալ։ Այս մասին, «ՈւՆԻԱՆ»-ի փոխանցմամբ, ասված է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հայտարարության մեջ։
«Հենց նոր զրույց ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Վան Ռոմպոյի հետ։ Նա հայտնեց, որ Եվրամիության անդամ երկրները պատրաստ են մարտի 21-ին անցկացնել գագաթաժողով՝ Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
Յացենյուկի խոսքով՝ Համաձայնագրի տնտեսական մասը կստորագրվի ավելի ուշ՝ հետագա խորհրդակցություններից հետո, որպեսզի կանխվեն կորուստները Ռուսաստանի հետ համագործակցության վրա կենտրոնացած ձեռնարկությունների համար։
Ուկրաինայի վարչապետը նաև դիմել է ռուսաստանցի գործընկերներին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ․ «Մենք ևս մեկ անգամ դիմում ենք Ռուսաստանին։ Մեզ գործընկերական հարաբերություններ են պետք ու մենք Ռուսաստանին ձեռք ենք մեկնել։ Ի պատասխան՝ Ռուսաստանը մեր ուղղությամբ տանկեր, հրետանի ու զենք է ուղղել»,- հայտարարել է Յացենյուկը՝ հույս հայտնելով որ ճգնաժամին մոտ ապագայում վերջ կդրվի և Ուկրաինան ու Ռուսաստանը կվերադառնան իրենց բարիդրացիական հարաբերություններին։