ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին խնդրել է «անհարկի չշահարկել» Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի պաշտոնանկության խնդիրը։ Թեմայի շուրջ նա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրուցել է այսօր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց այցի ընթացքում։
«ՀՊՃՀ-ի նախկին ռեկտորը, ըստ ամենայնի, որոշել է բուհի հետագա զարգացման համար բազմակարծության պայմաններում ստեղծել նոր հնարավորություններ` այս ցանկությունները վերածելու աշխատանքի: Արա Ավետիսյանը մնում է կրթության և գիտության համակարգում. նա ԳԱԱ անդամ է, դասախոսում է ԵՊՀ-ում: Ինչ վերաբերում են բուհում ուսումնասիրւթյունների անցկացմանը, ապա կարծում եմ, որ դրանք ոչ մի գերատեսչության` սկսած նախարարությունից, վնաս չեն տալիս: Եվ, առհասարակ, չկա որևէ հիմնարկ, որ խնդիրներ չլինեն: Հակառակը` կարծում եմ, որ ուսումնասիրությունները թույլ են տալիս բոլոր բուհերին, այդ թվում՝ Պոլիտեխնիկին, իմանալ իրենց թույլ տեղերը և շտկել բաղթողումները` ապագայում ավելի արդյունավետ կառավարման և զարգացման հեռանկար ունենալու համար: Ուզում եմ նշել, որ Պոլիտեխնիկը ֆինանսապես կայուն է, և որևէ անհանգստություն ուսանողների և դասախոսների համար գոյություն չունի: Նշեմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք բուհական համակարգում նախարարության կողմից առավել կոշտ, ուշադիր և կտրուկ քայլերի հերթականության, որպեսզի կարողանանք թռիչքաձև զարգացում ապահովել տարբեր բուհերում: Համոզված եմ, որ բուհի ներսում առկա տարաձայնությունները պետք է արագ հարթվեն և չազդեն բուհի հետագա զարգացումների վրա: Բուհը պետք է վերադարձնի իր երբեմնի ամբողջական փառքը և շքեղությունը` որպես հանրապետության առաջատար բուհերից մեկը: Պոլիտեխնիկն այսօր անցնում է միջազգային հավատարմագրում, իրականացնում բազմաթիվ եվրոպական կրթական ծրագրեր, համագործակցում մասնավոր հատվածի հետ», – Աշոտյանի խոսքեր է փոխանցում ՀՀ ԿԳ նախարարության կայքը։
Նա նաև ասել է, որ մոտ ապագայում հանրապետության երկու խոշորագույն բուհերը` ՀՊՃՀ-ն և Երևանի պետական ճարտարաշինարարական համալսարանը, կարող են վերամիավորվել:
«Կարծում եմ` երկու բուհերից հնարավոր վերամիավորումից կունենաք ավելի մեծ, միասնական Պոլիտեխնիկ, կարող ենք տանել ավելի համակարգված միասնական քաղաքականություն»,- նշել է նախարարը։