«Գապբնակշին» ընկերության գործով դատավարությունը ավարտին է մոտենում, սակայն դատախազությունն ու ոստիկանությունն այդպես էլ չեն կարողացել պարզել կորած գումարների գտնվելու վայրը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արամի 72-80 հասցեի խաբված բնակարանատեր Սոնա Մաղաքյանը։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր կորած գումարները գտնվում են մեղադրյալ Սիմոն Աղազարյանի գրպանում։ Լինելով ոստիկանության համակարգից վռնդված ճարպիկ խարդախ՝ նա կարողացել է այդ ամբողջ հարստությունը ձևակերպել իր չաշխատող ընտանիքի անդամների վրա, ու այսօր ձևացնում է, թե ոչինչ չունի», – ասել է մեր զրուցակիցը։
Նա նշել է, որ դեռևս դեկտեմբեր ամսին խաբված բնակիչները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պնդելով, որ գողացված ու հարազատների անվամբ թաքցրած գույքը պատկանում է իրենց։
«Առ այսօր ոչ մի պատասխան չկա, դիմումի հետքերն անգամ դժվարությամբ ենք գտնում, իսկ Սիմոն Աղազարյանը դատարանում լկտիաբար հայտարարեց, որ մեզ տալիք չունի։ Ես խոստացա, որ անպայման ջրի երես կհանենք ու կստանանք այդ թաքցրած գումարները, որոնք պատրաստվում է տալ թաքցնողներին՝ համապատասխան պաշտոնյաներին», – ասել է Մաղաքյանը։
Վերջինիս խոսքով՝ միայն իր ուժը քիչ է՝ «այստեղ անհրաժեշտ է նաև բարի կամքի դրսևորում հարգարժան դատախազության և ոստիկանության աշխատակիցների կողմից, որը, փաստորեն գոյություն չունի»։
«Այս, դիմումները անաշխատունակության պատճառով ժանգոտվում, փոշոտվում են դարակներում՝ ընթացք տվող չկա։ Մենք թույլ չենք տա, որ իրավապահները դատական պրոցեսից հետո առանձնանան ու սկսեն խորհրդակցել՝ ինչպես անեն, որ Սիմոնի լեզուն երկարի ու այդ գումարները չտան։ Խոստանում եմ՝ այդ գումարները տների բռնագանձումից հետո բոլոր տուժողները ստանալու են, ուղղակի տուժողներն են քնած», – եզրափակել է բնակարանատերը։
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10 միլիարդ 202 միլիոն 947 հազար 840 դրամ արժողությամբ գույքը: «Գապբնակշին» ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանը, ըստ մեղադրանքի, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, Երևանի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում քաղաքացիների հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1 միլիարդ 253 միլիոն 891 հազար 550 դրամ: