Ուկրաինայի ԱԳՆ-ն Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային հետ է կանչել Կիև՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ «ՈւՆԻԱՆ»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Նա նաև նշել է, որ երեկ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը երկրորդ անգամ հրավիրվել էր Ուկրաինայի ԱԳՆ, որտեղ նրան նոտա էր հանձնվել՝ Ուկրաինայի կողմից չճանաչված Ղրիմի հանրաքվեի հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ բացատրություններ ստանալու մասին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին, իր հերթին, հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Ղրիմի անեքսիան ճանաչելը կարող է բացասական հետևանքներ ունենալ հայ-ուկրաինական հարաբերությունների համար։ «Մենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի երկիրը պաշտոնապես ու հրապարակավ հայտնի, որ չի ճանաչում Ղրիմի անեքսիան։ Եթե երկիրը հրապարակի այնպիսի դիրքորոշում, որը մենք կկարողանանք բնութագրել որպես ոչ բարեկամական, ապա դա բացասական հետևանքներ կունենա մեր երկկողմանի հարաբերությունների վրա»,- նշել էր Լուբկիվսկին։
Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել էին «Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»: