Գլխավոր / Տեսանյութեր / «Հարսնաքարի» գործով դատապարտյալի մայրը վատացել է նախագահականի մոտ ակցիայի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հարսնաքարի» գործով դատապարտյալի մայրը վատացել է նախագահականի մոտ ակցիայի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր «Հարսնաքարի» գործով դատապարտված 6 անձանց ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց։ Մոտ 2 տասնյակ մարդիկ լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ դժգոհ են վճռից, քանի որ բոլոր 6 մեղադրյալները նույն պատիժն են ստացել՝ 12 տարի ազատազրկում, մինչդեռ նրանց մեղավորության աստիճանը միանգամայն տարբեր է։ Մեղադրյալների հարազատներից ոմանք խոստացել են ինքնահրկիզվել, եթե իրենց բողոքի ձայնը չլսեն և գործին ընթացք չտրվի։

2harsnnqar

Ոստիկանները նրանց ձեռքից վերցրել են ակցիայի վայր բերված բենզինով շիշը։ Այնուհետև ծնողներից մի քանիսը մտել են նախագահական նստավայրի նամակների բաժին՝ իրենց բողոքը հանձնելու համար։ Նախագահական նստավայրում վատացել է դատապարտվածներից մեկի՝ Գարիկ Մարգարյանի մոր՝ Նունե Մարգարյանի ինքնազգացողությունը և վերջինիս օգնություն են ցուցաբերել դեպքի վայր ժամանանած շտապ օգնության բժիշկները։

Մանրամասները՝ տեսանյութում

1harsnaqar

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին ՀՖՖ նախագահ, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի էին ենթարկվել մի խումբ ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ 32-ամյա Վահե Ավետյանը, 12 օր անց մահացել էր հիվանդանոցում: Մեղադրյալներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը և Դավիթ Ադամյանը, ըստ դատարանին ներկայացված փաստաթղթերի, աշխատել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Տուժող կողմը պահանջել է հարցաքննել նաև Ռուբեն Հայրապետյանին՝ կասկածելով, թե նա տեղյակ է եղել ծեծից ու, գուցե, ինքն էլ հրահանգ է տվել։ Հայրապետյանը դատարանում պնդել է, որ տեղի ունեցածի մասին տեղեկացել է դեպքից հետո միայն։ Դատարանն արժանահավատ է համարել այդ պնդումը։

Դատավարության ընթացքում մեղադրյալներից Նորայր Հայրապետյանը նշել է, որ Վահե Ավետյանը միայն իր հարվածներից է մահացել, իսկ Գարիկ Մարգարյանի խոսքով՝ ինքը ծեծի է ենթարկել տուժողներից Արտակ Բայադյանին։

Ըստ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի՝ նման խոստովանությամբ պաշտպանության կողմը փորձել է երկու խնդիր լուծել:

«Մեկը՝ պատժի անհատականացման հարցն է, որի պարագայում նոր համաներման ակտը հնարավոր կլինի կիրառել նրանց նկատմամբ: Պաշտպանության կողմը ձգտելու է հնարավորինս շուտ ավարտել դատաքննությունը: Հանցանքի անհատականացմամբ փորձ է արվում չեզոքացնել մեղադրականում նշված «համակատարում» եզրույթը: Համակատարաման թեզը փոխարինվում է պատժի անհատականացաման սկզբունքով և ամբաստանյալները ընդունում են առանձին դրվագներ՝ դրանով իսկ բացառելով հանցագործությունների համակցությունը: Սա շատ կարևոր է նոր համաներման տեքստի լույսի ներքո, որովհետև այս ակտը բացառում է հանցանքների համակցության պարագայում համաներման կիրառումը»,- ասել է Եգորյանը:

Ամեն դեպքում, դատարանը վճռել է բոլոր մեղադրյալներին 12-ական տարվա ազատազրկման դատապարտել։

Tekali Taxi