«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանը փետրվարի 12-ի դեպքերի հետ կապված այսօր իրեն տուժող ճանաչելու պահանջով դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին Գևորգյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում։
«Քննիչն ասաց, որ իմ դիմումը քննարկելու են։ Ինձ կանչել էին հարցաքննության, որը հետաձգվեց ու ամենայն հավանականությամբ կլինի ուրբաթ օրը», -նշել է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանը, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, լրագրողներ Սարգիս Գևորգյանն ու Անի Գևորգյանը բերման էին ենթարկվել Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ընթացքում։ Մինչ ոստիկանների ժամանելը՝ իրազեկման ակցիայի ընթացքում մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին ակցիան, խլել թռուցիկները։
Դեպքերի հետ կապված Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Ոստիկանության ներքին անվտանգության ծառայության վարչությունում ևս ծառայողական քննություն էր նշանակվել, որն այս պահին կասեցվել է։
«Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ես որպես վկա էի անցնում, իսկ ՀՔԾ-ում հարուցված գործով դեռևս որևէ կարգավիճակ չունեմ։ Այս թվարկվածներս բավարար հիմք են հանդիսանում՝ լուրջ կասկածներ ունենալու այդ քննությունների արդյունավետության վերաբերյալ», – ավելի վաղ մեր թղթակցին պատմել էր լրագրողը։