Սիրիայի Քեսաբ հայկական համայնքի ներկայացուցիչը «Բի-բի-սի» թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են լքել ավանը։
«Վերջին երեք տարիների ընթացքում մեզ մոտ քաղաքացիական անձինք կային, որոնք վերահսկում ու պաշտպանում էին մեր քաղաքը։ Նրանք ուրբաթ երեկոյան նկատեցին, որ սահմանին գտնվող թուրքական բանակը լքում է տարածքը։ Քեսաբը շատ մոտ է թուրքական սահմանին։
Առավոտյան ժամը 4-ի սահմաններում զինյալներով լի բեռնատարները եկան թուրքական սահմանի կողմից։ Ժամը 5-ի սահմաններում Թուրքիայի սահմանին մոտ գյուղերից բազմաթիվ կրակոցներ ու պայթյունների էին լսվում։
Մենք դեռևս չգիտեինք՝ ովքեր էին այդ զինյալները։ Ժամը 6-ից հետո մարդիկ սկսեցին հասկանալ՝ ինչ է կատարվում ու սկսեցին հեռանալ քաղաքի կենտրոնից։ Մենք լքեցինք մեր տները՝ չկարողանալով մեզ հետ ինչ-որ բան վերցնել։ Ես անգամ հագուստս փոխելու ժամանակ չունեցա։ Մենք մեզ հետ մի քանի շոր ու մեր փաստաթղթերը վերցրինք։ Որքան հնարավոր է՝ հեռացանք քաղաքի կենտրոնից ու հավաքվեցինք մի գյուղում՝ առանց մեքենաների ու մոտոցիկլների։ Որոշ մարդիկ անմիջապես Լաթաքիա ուղղվեցին, բայց ոմանք մտածում էին՝ կոնֆլիկտը շուտով կհարթվի, ու մնացին գյուղերում՝ քաղաքի կենտրոնից հեռու։
Թուրքական սահմանի կողմից կրակոցներ ու հրթիռներ էին գալիս։ Ինձ հետ էին երեխաներս, 88-ամյա հայրս և քաղցկեղով հիվանդ մայրս։ Մենք առաջիններից էինք, որ լքեցինք քաղաքը։ Լաթաքիայի ճանապարհին շատ խնդիրների չբախվեցինք։ Տարբեր էթնիկ պատկանելություն ունեցող գյուղերով անցանք։ Մեր տարածքում մինչ վերջերս երբեք կոնֆլիկտներ չէին եղել։
24 ժամ անց ավելի մեծ թվով մարդիկ Քեսաբից մեկնեցին Լաթաքիա։ Վայրը, որտեղ բոլորս հանդիպեցինք, Լաթաքիայում գտնվող հայկական եկեղեցի էր։ Լաթաքիայի հայերը մեզ հյուրընկալել են իրենց տներում։
Շուրջ 50 տարեց մարդ մնացել է Քեսաբում։ Երբ փորձեցի զանգահարել մեր հարևաններին, նրանց հեռախոսին պատասխանեցին մարդիկ, ովքեր տեղի արաբերեն լեզվին չէին տիրապետում։ Նրանք ասում էին՝ «Աստված հզոր է» արաբերենով։ Լսել եմ՝ նրանց շրջանում չեչեն ու թունիսցի զինյալներ կային»։
Հիշեցնենք, որ Սիրիայի Քեսաբ հայկական համայնքը, շրջակա գյուղերով հանդերձ, վերջին օրերին հայաթափվել է: Մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբները ներխուժել էին Քեսաբ:
Համաձայն asbarez.com կայքի, Քեսաբում զինված բախումների հետևանքով 80 մարդ է զոհվել։ Պաշտոնական տեղեկատվություն մահացած հայերի թվի մասին չկա։