Սերժ Սարգսյանը Հաագայի համաժողովների կենտրոնում Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել՝ իր խորը մտահոգությունը հայտնելով դեպքերի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Սիրիայի Քեսաբ համայնքը գնդագոծվել է ու հայաթափվել է զինյալների կողմից։ Մամուլի հաղորդումների համաձայն, քաղաքի վրա կրակ են բացել նաև Թուրքիայի տարածքից, ու կան տասնյակ զոհեր։
«Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,- Սարգսյանի խոսքերն է փոխանցում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նա ասել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժել են համայնք։
«Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները», – նշված է Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ։
Պատմական իրողություններին անդրադառնալիս՝ նա հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չի մնացել Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։
«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունն ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին: