Սիրիայի Քեսաբ հայկական համայնքը, շրջակա գյուղերով հանդերձ, հայաթափված է: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում այս մասին տեղեկացրել է Քեսաբի բնակիչ Սիրվարդ Գաբուշյանը, ով այժմ իր հայրենակիցների հետ գտնվում է Քեսաբից 60 կիլոմետր հեռու գտնվող Լաթաքիա քաղաքում:
Մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբները ներխուժել էին թուրք-սիրիական սահմանին գտնվող ամբողջությամբ հայաբնակ Քեսաբի վրա: «Ազատության» զրուցակցի խոսքերով, կրակահերթերը հատկապես հնչել են թուրքական սահմանից:
Բնակիչներին հաջողվել է անվտանգ լքել գյուղը և այժմ նրանք ապաստան են գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում և դպրոցում:
«Վերջին լուրն այն է, որ մեր բնակարաններն անցել են ընդդիմադիր զինյալների ձեռքը, այստեղ է գտնվում Կարմիր խաչը և փորձում ենք հասկանալ, թե ինչ է լինելու մեր վերջը»,- ասաց Սիրվարդ Գարբուշյանը:
Նշենք, որ, համաձայն asbarez.com կայքի, Քեսաբում զինված բախումների հետևանքով 80 մարդ է զոհվել։ Պաշտոնական տեղեկատվություն մահացած հայերի թվի մասին չկա։