հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բնապահպանները վարչապետին կոչ են անում զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց

Բնապահպանները վարչապետին կոչ են անում զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց

Մարտի 25-26-ը Երևանում անցկացված միջազգային համաժողովի ընթացքում հայաստանցի բնապահպանները ՀՀ վարչապետից հանդիպման հրավեր են ստացել։ Ինչպես հաղորդում է «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնությունը, վարչապետն առաջարկել է հանդիպման ընթացքում քննարկել բնապահպանների կողմից բարձրացվող հարցերը։

«Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները մի շարք հարցազրույցների ժամանակ շեշտել են, որ վարչապետի հետ հանդիպմանը չեն պատրաստվում մասնակցել, և մատնանշել են այդ մոտեցման պատճառները:

Սակայն մարտի 28-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածում, որտեղ հստակ նշված է, որ վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու «Պատասխանատու հանքարդյունաբերության» համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ Համահայկական բնապահպանական ճակատը չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը և որևէ մեկին չի լիազորել ներկայացնելու իր կարծիքը: Պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց: Փոխարենը՝ կատարել ի պաշտոնե իրենց վրա դրված պարտականություններն ու քայլեր ձեռնարկել․

– հանքարդյունաբերական ոլորտում առկա լրջագույն խնդիրների լուծման ուղղությամբ,

– միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,

– ապահովել Հայաստանի բնակչության իր առողջության և բարեկեցության համար նպաստավոր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը», – ասված է բնապահպանների տարածած հաղորդագրության մեջ։