ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները որոշել են ապրիլի 28-30-ը Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել շուրջօրյա հանրահավաքներ՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջով։ Այս մասին լրագրողներին այսօր տեղեկացրել է ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով 4 խմբակցությունների հերթական դռնփակ աշխատանքային հանդիպման արդյունքները, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ռուստամյանի խոսքով՝ խմբակցությունների հանդիպմանը քննարկվել է ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։
Ներկայումս աշխատանքային խումբն աշխատում է անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումների փաթեթի վրա, որը, ըստ Ռուստամյանի, պատրաստ կլինի արդեն գալիք շաբաթ։
Բացի այդ, քննարկվել է նաև կառավարությանն անվստահություն հայտնելու հետ կապված հրապարակային միջոցառումներ կազմակերպելու հարցը։ Ըստ այդմ որոշվել է ապրիլի 28-30-ը Երևանի Ազատության հարապարակում անցկացնել համատեղ շուրջօրյա հանրահավաքներ։ Իսկ մինչ այդ, իրազեկման միջոցառումներ կանցկացվեն մարզերում։
Ռուստամյանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է 2 հանձնախումբ՝ քարոզչության ապահովման և կազմակերպչական հարցերի համար՝ ոչ իշխանական 4 ուժերի ներկայացուցիչներից բաղկացած։
Նա նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված ժամկետների համաձայն՝ կարելի է ենթադրել, որ անվստահություն հայտնելու հարցը քվեարկության կդրվի ապրիլի 30-ին։