Home / Տեսանյութեր / Հաջորդ քայլը հրաժարականից հետո․ մեկնաբանում են ոչ կոալիցիոն ուժերը

Հաջորդ քայլը հրաժարականից հետո․ մեկնաբանում են ոչ կոալիցիոն ուժերը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը իշխանափոխության առաջին փուլն էր, և հետագա գործողությունների և միջոցառումների միակ օրակարգը դառնում է համաժողովրդական հանրահավաքներով Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու խնդիրը: Այս մասին iLur.am-ին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 28-ից սկսած պետք է տեղի ունենար չորս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության և ՀՅԴ-ի համատեղ շուրջօրյա հանրահավաքը` կառավարության հրաժարականի պահանջով:

Զուրաբյանի խոսքով՝ սա է պատճառը, թե ինչու Սերժ Սարգսյանը ստիպեց Տիգրան Սարգսյանին հրաժարականի դիմում գրել: Ըստ խմբակցության ղեկավարի՝ այս քայլով Սերժ Սարգսյանը փորձում է մեղմել համաժողովրդական ընդվզումը և կանխել աննախադեպ հանրահավաքների կայացումը:

«Իշխանությունը երբեք այսքան թույլ չի եղել, և քանի որ քառյակի բոլոր քաղաքական ուժերը կողմ են ամբողջական իշխանափոխության, ապա դրա իրականացման համար ավելի լավ պահ պատկերացնել հնարավոր չէ», – մասնավորապես, ասել է Զուրաբյանը։

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չի ցանկացել մեկնաբանել վարչապետի հրաժարականը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասել է, որ սխալ է համարում ենթադրություններ անելը․ «Ավելի ընդգրկուն ինֆորմացիայի տիրապետելուց հետո նոր մեկնաբանենք»:

Ինչ վերաբերում է ընդդիմության հաջորդ քայլին, ապա Խուրշուդյանը նշել է, որ «Ժառանգությունը» մշտապես հետամուտ է եղել և նշել է իր դիրքորոշումը՝ ամբողջական իշխանափոխություն ընդհուպ նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

«Այսինքն՝ մենք համաձայնվել էինք կառավարության հրաժարականի պահանջին՝ զուտ որպես տեխնիկական ինչ-որ փուլ՝ մեր գործընկերների ցանկության հետ հակասության մեջ չմտնելու համար, որոնք կարծում էին, որ սա առաջին քայլը պետք է լինի: Բայց դա չի կարող որևէ կերպ համարվել խնդրի լիարժեք լուծում»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի ցանկացել մեկնաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: «Ինձ համար դա անակնկալ չէր», – միայն ասել է պատգամավորը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն Aravot.am-ի հետ զրույցում նույնպես նշել է, որ իր համար վարչապետի հրաժարականն անակնկալ չէր։

«Հրաժարականին սպասում էինք՝ այո, որովհետև ձախողվել էին բոլոր ծրագրերը, հենց նենց չէինք էլի անընդհատ ասում, որ տնտեսական աճ չկա, բոլոր ցուցանիշները վատն են, և այլն… Հիմա մենք գտնում ենք, որ ոչ թե անձի փոփոխությունն է առաջնայինը, կարևորը, այլ հիմա կարևոր է, որ արդեն նոր ծրագրի շուրջ, նոր փոփոխության շուրջ տեղի ունենան գործընթացներ, որոնք երկիրն այս տխուր վիճակից դուրս կբերեն: Այսինքն, եթե մենք հիմա մի անձը փոխելու ենք մեկ ուրիշով՝ դրա մասին չի կարող խոսք գնալ: Պետք է, անպայման, կուրսի շրջադարձային փոփոխություն լինի», – ասել է ԲՀԿ-ական պատգամավորը։