Այսօր ժամը 12․30-ի սահմաններում գլխավոր դատախազության շենքի մոտից ոստիկանության բաժին բերման են ենթարկվել ի պաշտպանություն Շահեն Հարությունյանի անցկացվող ակցիայի մասնակիցներ Վարդգես Գասպարին և Արգիշտի Կիվիրյանը։
Epress.am-ի հետ զրույցում վերջիններս պատմել են, որ այս պահին գտնվում են կենտրոնի բաժնում, որտեղ վարչական վարույթ է կազմվել 182 հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։
«Ես կանգնած էի դատախազության մայթին, ոստիկանները բրթբրթելով մեզ քցեցին երթևեկելի մաս ու դրանից անմիջապես հետո մեզ բերման ենթարկեցին։ Ինչպես ոստիկանները, այնպես էլ ոստիկանության կենտրոնականի բաժնի փոխոստիկանապետ Վարդան Գևորգյանը շատ լկտի էին իրենց պահում, իմ հասցեին սպառնելիքներ հնչեցնում՝ «ձեռնաշղթա կհագցնենք ու նման բաներ», – պատմել է Կիվիրյանը։
Մեր թղթակցի հետ զրույցում Գասպարին բերման ենթարկվելու հանգամանքը որակել է որպես ոստիկանական կամայականություն։
«Սպասում եմ փաստաթղթերի պատճենները տան, թեև ոչինչ կարդալ չեմ կարողանում՝ բերման ենթարկելիս ակնոցներս անհետացել են»,- ասել է Գասպարին։
Նշենք, որ այսօր ավարտվել է Շահեն Հարությունյանի գործի նախաքննությունն ու նրա հարցաքննությունը, ինչի կապակցությամբ վերջինիս համակիրները բողոքի ակցիա են անցկացրել քննչական գլխավոր վարչության մոտ, ապա երթով շարժվել են գլխավոր դատախազություն։