Այսօր 18։15-ի սահմաններում Պռոշյան փողոցում գտնվող Սերժ Սարգսյանի տան դիմաց ակցիա անցկացնող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ուղղությամբ երկու երիտասարդ ձվեր են նետել և հեռացել։ Քիչ անց ևս մեկ երիտասարդ մոտեցել, խլել ու պատռել է Գասպարիի ձեռքի պաստառը։ Գասպարին նոր պաստառ է բերել, որը երիտասարդներին խլել չի հաջողվել, սակայն այն քաշքշելու ժամանակ նրանք գողացել են ակտիվիստի ականջակալները։
Գասպարին Սերժ Սարգսյանի տան դիմաց ակցիա էր անցկացրել նաև այսօր առավոտյան։ Նրա պահանջն է վերացնել VTB բանկում իր անձնական հաշիվների վրա դրված արգելանքը։ Epress.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին նշել է, որ չգիտի արգելանքի պատճառը։ Բանկից նրան խորհուրդ են տվել դիմել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ): Գասպարին գրավոր դիմել է բանկին՝ պարզաբանում պահանջելով։
Մանրամասները՝ տեսանյութում