Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավու ներքո Հայաստան հայրենադարձվեց Արսեն Խոջոյանը, ով ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում։ Նա հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Այս մասին ասված է ԿԽՄԿ մամուլի հաղորդագրության մեջ։
Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են Հայաստանի քաղաքացուն՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։
«Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձման Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների համատեղ գործողությանը։ Նախքան գործողության իրականացումը՝ անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով», – ասված է հաղորդագրության մեջ։
Արսեն Խոջոյանի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ որդու վերադարձի մասին ընտանիքն իմացել է 15 րոպե առաջ, ու այժմ իրենք շտապում են Իջևան, որտեղ գտնվում է Արսենը։ Մոր խոսքով՝ տղան այժմ հիվանդանոցում է, որտեղ պետք է բուժզննում անցնի, ապա տեղափոխվի Երևան։