Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները՝ ազգությամբ եզդի մոտ 20 անասնապահներ, գործարար Լյովա Սաֆարյանից պահանջում են վճարել 2 տարի առաջ պարտքով վերցրած կաթի գումարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին անասնապահները մամուլում բարձրաձայնել էին իրենց խնդիրը՝ ասելով, որ գործարարը, ներկայանալով որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընկեր և այդպիսով շահելով իրենց վստահությունը, պարտքով կաթ է վերցրել ու հետագայում չի վերադարձրել գումարը: Ավելի ուշ Սաֆարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ եզդիների ընտանիքների հետ «հարցերը լուծել է», և նրանք այլ պարտք ու պահանջ չունեն:
Անասնապահ Հասան Շամոյանը, սակայն, այսօր Epress.am-ի ասել է, որ իրենք ոչ մի կերպ չեն կարողանում ստանալ գումարները։
«Մխչանցի Համլետը, ով հայտնի էր որպես կաթ մթերող՝ պանիր էր քցում, ցեխեր ուներ, եկավ, Լյովա Սաֆարյանի անունից կաթ վերցրեց, ասաց՝ որ գումարը հետո կտա։ Մենք էլ վստահելով տվեցինք, արդեն երկրորդ տարին ա՝ չենք կարողանում ստանալ։ Դե գյուղում շատերին ա պարտք, բայց ոչ մի կերպ ստանալ չի հաջողվում։ Անցյալ տարի 10-15 հոգով գնացինք Սաֆարյան Լյովայենց տան մոտ ու պահանջեցինք վերադարձնել մեր պարտքերը, Սաֆարյանի որդին դուրս եկավ, թե՝ «տղերք, անհարմար ա, խայտառակ մի արեք՝ հերս Ռուսաստանից կգա, սաղիդ փողերը կտա», մինչև հիմա տալիս ա», – պատմել է Շամոյանը։
Ավելի վաղ անասնապահ Ռուստամ Իբոյանը մեզ ասել էր, որ կաթն իրենցից գնել է անձամբ Սաֆարյանը։ Եզդի անասնապահի խոսքով՝ իրենց հեռախոսազանգերին Սաֆարյանը պատասխանում էր հայհոյանքներով, ամեն կերպ փորձում է հերքել, որ տվել է Հովիկ Աբրահամյանի անունը: ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հերքել էր, թե Սաֆարյանը որևէ կապ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: