Home / Տեսանյութեր / «Մեր երեխուն ենք պահանջում»․ գերության մեջ գտնվող զինվորի հարազատները` Կարմիր խաչի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մեր երեխուն ենք պահանջում»․ գերության մեջ գտնվող զինվորի հարազատները` Կարմիր խաչի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շուրջ 9 ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու համագյուղացիները ակցիա են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ:

Epress.am-ի հետ զրույցում հավաքվածները նշել են, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից Երևան են հասել համապատասխան մարմիններից հստակ ու վերջնական պատասխան ստանալու պահանջով՝ «անորոշություն մեջ այսքան ամիս սպասում ենք՝ հերիք ու բոլ եղավ, վերջապես զինվոր ենք տվել ու եկել ենք մեր երեխուն պահանջելու»։

Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը, մեր թղթակցին պատմել է, որ 9 ամիս համբերատար սպասելը ոչ մի արդյունքի չի բերել։

Հակոբի հայրը՝ Գուրգեն Ինջիղուլյանը, հավելել է, որ որդու վերջին նամակը ստացել են փետրվարի 22-ին ու մինչ օրս որևէ տեղեկություն չունեն՝ «ակնկալում ենք նորմալ պատասխան, այլապես կդիմենք կտրուկ քայլերի»։

Ավելի ուշ ԿԽՄԿ գրասենյակի պատվիրակ Սառա Էպրեխտը ընդունել է Հակոբի ծնողներին ու եղբորը և նրանց հայտնել, թե, ՄԱԿ-ի գրասենյակի տեղեկություններով, սկսվել է երրորդ երկիր փնտրելու գործընթացը։

«Մենք խնդրեցինք այլ մանրամասներ իմանալ ու շուտափույթ կերպով մեզ տեղյակ պահել։ Հակոբին գրված նամակ էինք բերել, սակայն այսօր չընդունեցին, ասացին՝ «թող մնա ապրիլի վերջին», – ասել է Հարությունը։

Հավաքվածներին, սակայն, ԿԽՄԿ-ի ներկայացուցչի պատասխանը չի բավարարել, և նրանք որոշել են անցնել փողոցը ու մտնել գրասենյակ՝ «մտնենք շենք, պատասխան ուզենք, ինչի՞ ենք խեղճանում, մեզ խաբում են, փափուկ բարձ դնում գլխներիս տակ, մեր հողի մեջ մեզ ախմախի տեղ են դնում»։

Նրանց պահանջով Էպրեխտը դուրս է եկել գրասենյակից, զրուցել հավաքվածների հետ։

«Մեր կազմակերպությունը ՄԱԿ-ի մաս չի կազմում, բայց համատեղ ախատանքները շարունակվում են։ Մեր դերն այն է, որ շարունակենք այցելենք իրեն, պահպանենք կապը նրա ու ընտանիքի անդամների միջև։ Կարծում եմ, որ կհամաձայնեք և շատ կարևոր է՝ քանի դեռ ինքը այնտեղ է, իրեն մարդիկ այցելեն ու մինչ վերջնական որոշումը կապը պահպանեն։ ԿՄԽԿ-ն միակ կազմակերպությունն է, որ այդ դերն այսօր ունի։ Բավական ժամանակ է անցել, ու հարցը մնում է չորոշված։ Գիտեմ, որ այսօր բոլորդ եկել եք ձեր հարցերը տալու, ես այս ամբողջ մտահոգությունները կփոխանցեմ Բաքվի իմ կոլեգաներին։ Մեր դռները միշտ բաց են Հակոբի ընտանիքի անդամների համար, ամեն ինչ կանենք, որ կարողանանք ինչ-որ կերպ աջակցել։ Գործընթացը երկար է տևելու, սպասել է պետք»,- նշել է պատվիրակը։

saraeprecht

Լուսանկարում՝ Սառա Էպրեխտը (ձախից) 

Վերջինիս պատասխանից հետո ակցիայի մասնակիցները շտապել են Բաղրամյան 26՝ պահանջելու 9 ամիս առաջ ՀՀ նախագահին ուղղված նամակի պատասխանը։

«Եղբորս հանձնել ենք հայոց բանակին, ու՞ր է, ինչո՞ւ չկա, առ այսօր ոչ մի պատասխան ու բացատրություն չկա մեր ղեկավարներից», – ասել է Հակոբի եղբայրը։

Ինջիղուլյան ընտանիքը նախագահականի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնում դիմում-նամակ է ներկայացրել, այնտեղից տեղեկացրել են, որ երկօրյա ժամկետում նամակը կփոխանցեն նախագահին։