Home / Հայաստան / Արարատի մարզում 2 գյուղապետեր ուզում են վաղաժամ լքել պաշտոնները․ «ՀԺ»

Արարատի մարզում 2 գյուղապետեր ուզում են վաղաժամ լքել պաշտոնները․ «ՀԺ»

Արարատի մարզի Դարբնիկ և Նիզամի գյուղական համայնքների ղեկավարներն իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու խնդրանքով դիմել են ավագանիներին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Նրանք երկուսն էլ մարտի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում պարտվել են և ցանկանում են իրենց լիազորությունները դադարեցնել օրենքով սահմանված ժամկետից էլ շուտ։

«ՀԺ»-ի հետ զրույցում Դարբնիկի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանն ասել է, որ գործող գյուղապետ Ազատ Խաչատրյանը, մարտի 9-ին պարտվելով իր կուսակից, հանրապետական Դավիթ Գզիրյանին, մինչև մայիսի 16-ը պաշտոնավարելու իրավունք ունի, պարզապես չի ցանկանում շարունակել աշխատանքը գյուղապետի պաշտոնում։

Նիզամիի ՀՀԿ-ական գյուղապետ Արտավազդ Դունոյանը մարտի 9-ին պարտվել է անկուսակցական Հարություն Կարապետյանին, ով, ի դեպ, ընտրվելուց հետո հանրապետական է դարձել։ 8 տարի Նիզամին ղեկավարած Դունոյանը թերթի հետ զրույցում ասել է, որ չնայած մինչև հունիսի 4-ը պաշտոնավարելու իրավունք ունի, ցանկանում է անասնապահության փոքրիկ բիզնեսով զբաղվել։

Դարբնիկի և Նիզամիի ավագանիները, ընդառաջելով գյուղապետերին, համապատասխան արձանագրություն են կազմել և փոխանցել մարզպետարաններ, վերջիններս էլ դրանք ներկայացրել են կառավարություն։ Կառավարության որոշումից է կախված՝ Դարբնիկի և Նիզամիի գյուղապետերը վաղաժամկետ կլքեն իրենց պաշտոնը, թե՝ ոչ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում