«Դաշնակցությունը» կոալիցիա չի մտնի ու կշարունակի գործել ընդդիմադիր դաշտում։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ և արմատական բարեփոխումներ է պահանջում: Մեր համոզմամբ` առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձևավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով։
Դաշնակցությունը ձեւակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում: Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից եւ մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի: Մենք հետեւողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որդեգրում է հետևյալ մոտեցումները.
1. Մաս չկազմել նոր ձեւավորվող կառավարությանը:
2. Հետևել իշխանության և կառավարության գործողություններին, նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձեւաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման աստիճանով:
3. Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:
Մեր նպատակը եղել և մնում է Հայաստանի պետականության հզորացումը, մեր քաղաքացիների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս դիրքորոշումները հանձնում է հանրությանն ու մեկնարկելիք Գերագույն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին», – նշում են հայտարարության հեղինակները։