Այսօր Ստրասբուրգում իր լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սիրիայում և, մասնավորապես, Քեսաբում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ բանաձև` իր մտահոգությունները հայտնելով երկրում և հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Եվրախորհրդարանն իր բանաձևի կետերից մեկում հատուկ անդրադառնում և դատապարտում է Քեսաբի վրա կատարված հարձակումը` նշելով. «Ռեժիմի ուժերի և ապստամբ զինյալների, ներառյալ «Ալ-Ղաիդա»-ին հարող տարրերի միջև մարտերի արդյունքերում Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը տարհանվել է»:
Բանաձևում խոսվում է նաև Սիրիայում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների մասին, որոնք մեծ ներդրում են ունեցել երկրի կայացման հարցում և խուսափում են պատերազմի ընթացքում կողմնակալություն ցուցաբերել` վախենալով հետագայում սուննի ջիհադիստ զինյալների թիրախ դառնալ:
Եվրախորհրդարանը անհանգստացած է նաև «Ալ-Ղաիդա»-ի հետ կապ ունեցող տարրերի կողմից քրիստոնյա և քրդաբնակ գյուղերի գրավմամբ:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի փոխանցմամբ` դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև առանձին եվրախորհրդարանականներ:
Հոլանդացի Բաստիան Բելդերը, օրինակ, նշել է, որ բանաձևը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ չի արտահայտում Քեսաբի մասին ողջ ճշմարտությունը` նկատի ունենալով թուրքական ներգրավվածությունը: Պատգամավորի խոսքով` հարկավոր է հետաքննել Թուրքիայի դերը Քեսաբի դեմ գրոհի մեջ: