Անկարայում ուրբաթ բերման է ենթարկվել Ադրբեջանական «Հայելի» ռուսալեզու թերթի թղթակից, քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը։ Լրագրողի կինը «Թուրանին» հայտնել է, որ ոստիկաններն իրենց ավտոբուսից իջեցրել են, ստուգել են փաստաթղթերն ու տարել Ռաուֆին։
Հարցին՝ ինչումն է խնդիրը, նրան պատասխանել են, որ Միրկադիրովի փաստաթղթերը ժամկետանց են։ «Մենք, սակայն, ներկայացրել էինք փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ մինչև տարեվերջ [Թուրքիայում] բնակության իրավունք ունենք։ Ոստիկաններն ասացին, որ բաժնում կպարզեն»։
Ավելի ուշ կնոջը հայտնել են, որ Միրկադիրովին արտաքսելու են՝ չպարզաբանելով պատճառը։ «Ներկա պահին նա ոստիկանությունում է, ինձ նրան տեսնելու կամ հեռախոսով հետը խոսելու հնարավորություն չեն տալիս։ Փորձում եմ փաստաբան գտնել»,- ասել է կինը։
Contact.az կայքը նշում է, որ Ռաուֆ Միրկադիրովն արդեն երեք տարի է՝ ընտանիքի հետ բնակվում է Անկարայում։ Նա ակտիվորեն գրում է միջազգային թեմաներով և իր հոդվածներում բազմիցս քննադատել է Էրդողանի կառավարության քաղաքականությունը։ Հրատարակությունը Միրկադիրովի ձերբակալությունն ու հնարավոր արտաքսումը կապում է նրա լրագրողական գործունեության հետ։ Անկարայում Ադրբեջանի դեսպանությունը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։
Ինչպես «Թուրանին» հայտնել է «Հայելի» թերթի խմբագիր Էլչին Շիհլին, Ռաուֆ Միրկադիրովի վրա ճնշումներն սկսվել են երկու շաբաթ առաջ։ «Նրան անսպասելիորեն զրկեցին հավատարմագրումից, որից հետո մենք դիմեցինք Բաքվում Թուրքիայի դեսպանին ու Անկարայում Ադրբեջանի դեսպանությանը։ Որևէ պատասխան չստացանք։ Ավելին, հավատարմագրումից զրկելը բողոքարկելու փաստաբանի փորձերն անգամ չդիտարկվեցին։ Ավելի ուշ Ռաուֆին հայտնեցին, որ նա պետք է Թուրքիան լքի մինչև ապրիլի 23-ն ու այլևս երբեք չվերադառնա։ Ապրիլի 18-ին նա որոշեց լքել երկիրը, ու երբ նրան բերման ենթարկեցին, ոստիկանությանն ասաց, որ հեռանում է, ինչու են իրենց ձերբակալում։ Եղբայրական պետության իշխանությունները, սակայն, հավանաբար ցանկանում են անցանկալի լրագրողին երկրից ցուցադրաբար վռնդել»,- նշել է խմբագիրը։
Փետրվարին Թուրքիայից արտաքսվել էր մեկ այլ ադրբեջանցի լրագրող, թուրքական Today Zaman թերթի թղթակից 27-ամյա Մահիր Զեյնալովը։ Արտաքսման պատճառը Զեյնալովի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած քննադատություններին էին։