Ադրբեջանական «Հայելի» ռուսալեզու թերթի թղթակից, քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի՝ Կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբուդովը։
Իրավապաշտպանի խոսքով՝ Միրկադիրովի դեմ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն)։
APA գործակալության տվյալների համաձայն՝ Միրկադիրովը մեղադրվում է հայերի հետ համագործակցության մեջ: Նաև նշվում է, որ նա, առանց Ադրբեջանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչների իմացության, այցելել է Հայաստան, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել:
Էլչին Բեհբուդովի խոսքով՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններ անցկացնելու լիազորություններ ունի միայն երկրի ղեկավարը։ Իրավապաշտպանը նշել է, որ մոտ օրերը հանդիպում կունենա Միրկադիրովի հետ։
Հիշեցնենք, որ Միրկադիրովը ապրիլի 19-ին ձերբակալվել էր Թուրքիայում, ինչից հետո նրան արտաքսել էին Ադրբեջան: Բաքվում՝ օդանավից իջնելուն պես, լրագրողին ձերբակալել են: