Այլընտարանքային ծառայության Արմավիրի ստորաբաժանման երկու աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել մեղադրանքով, որ վերջիններս կաշառք են պահանջել՝ քաղաքացու նկատմամբ համաներում կիրառելու համար։
Պաշտոնյաներ Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի պաշտպանները, սակայն, պնդում են, որ գործը սարքված է, մեղադրյալների դեմ որևէ ապացույց չկա, բացի գործով տուժողի փոփոխվող ցուցմունքներից։ Արմավիրի ստորաբաժանման ղեկավար Սահակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասել է, որ ամբաստանյալը միայն խոսել է տուժող, նախկինում խարդախության մեջ մեղադրված Բաբկեն Բուդաղյանի հետ և ասել, որ իր հանդեպ համաներում կարող է կիռավել, եթե նախկինում չի կիրառվել, և եթե չկա իր դեմ քաղհայց։ Հարությունյանի և Բուդաղյանի միջև հեռախոսային զրույց անգամ տեղի չի ունեցել։
Գործով միակ ապացույցն այն է, որ Բուդաղյանը ստորաբաժանման առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանին տվել է 400 հազար դրամ կաշառք։
Ըստ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի՝ տուժողը երկու անգամ փոխել է ցուցմունքը։ Երկրորդ առերեսման ժամանակ ասել է, որ Սահակ Հարությունյանն իրենից ոչինչ չի պահանջել, հետագայում պնդել է հակառակը։ «Տուժողը նախկին դատվածություն ունի, գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ, նրա նկատմամբ ճնշումներ են կիրառվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ինեսսա Պետրոսյանը։
Թեև ամբաստանյալների պաշտպաններ Ինեսսա Պետրոյանը և Գիվի Հովհաննիսյանը բողոքներ էին ուղղել ՀՔԾ-ին՝ գործը կարճելու և նոր քննչական գործողություններ անելու պահանջներով, ՀՔԾ-ն հայտարարել է, որ բողոքներ չի ստացել, և գործն ուղարկել է դատարան։
Գործով առաջին դատական նիստը կկայանա ապրիլի 25-ին։ Անցյալ տարվա հոկտեմբերի 14-ից մեղադրյալները կալանավորված են և գտնվում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում։
Ըստ պաշտպանների՝ այսպիսիով ՀՔԾ-ն ընդամենը փոձում է ցույց տալ, որ պայքարում է կոռուպցիայի դեմ։