Ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական մամուլում սկսել են հայտնվել տարբեր պատմություններ 1915 թվականի ողբերգության մասին, Today's Zaman-ի իր բլոգում գրում է թուրք հրապարակախոս, հասարակական գործիչ, իրավապաշտպան Օրհան Քեմալ Չենգիզը։
Նա նշում է, որ երկուշաբթի Taraf պարբերականում հրապարակվել էր հարցազրույց ամերիկյան Քլարկ համալսարանի պատմաբան Ումիթ Քուրթի հետ, որը «մահմեդականացված» հայերի մասին էր ու կոչվում էր «Հարյուր տարվա անհանգստություն»։
«Շատ հավանական է, որ այս վերնագիրը ոգեշնչված է մի քանի օր առաջ մահացած Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրքով։
Իսկապես, «մահմեդականացված հայերի» «հարյուր տարվա անհանգստության» և մեր հոգիների «հարյուր տարվա մենության» միջև զուգահեռ կա, քանի որ մեր ինքնության ու հիշողությունների որոշ մասեր գերի ընկան, երբ «Միություն և առաջադիմություն» կոմիտեն որոշեց վերացնել Անատոլիայի հայերին։
Քուրթը մանրամասն բացատրում է՝ ինչպես են «մահմեդականացման» մեխանիզմներն աշխատել։ Հայերը ստիպված են եղել մահմեդական ինքնություն ընդունել, որպեսզի փախչեն հետապնդումներից։ Այնուամենայնիվ, Քուրթը նաև նշում է, որ «Միություն և առաջադիմություն» կոմիտեն մարդահամարի քաղաքականություն էր իրականացնում, որի համաձայն, այդ մահմեդականացված հայերը չպետք է կազմեին այն շրջանի ավելի քան 5-10 տոկոսը, որտեղ նրանք վերաբնակեցվում էին հարկադիր տարհանման ենթարկվելուց հետո։ Այսպես էր Անատոլիայի սահմաններում, ինչպես նաև Օսմանյան այլ տարածքներում, ինչպես, օրինակ, այսօրվա Սիրիան, որտեղ մեծ թվով հայեր կորցրին իրենց կյանքը՝ աքսորվելով անապատ։
Այո, այս նյութերը կարդալը կարող է մի փոքր նյարդայնացնող լինել։ Սրանք դեռ վերացական պատմություններ են։ Բայց երբ Քուրթը սկսեց որոշ անձնական պատմություններ պատմել, ահա՝ երբ իսկապես սկսեց ցավալ։
Օրինակ, նա հետևյալ պատմությամբ կիսվեց․ հարկադիր գաղթի ժամանակ Քիլիսում հայ կանանցից կազմավորված հասարակաց տուն կար, որը ծառայում էր ժանդարմերիային ու ռազմական սպաներին։ Մի օր Քուրթը Կարամանուկյան ազգանունով մարդուց էլեկտրոնային նամակ է ստանում։ Կարամանուկյանների ընտանիքը հարկադիր գաղթի շրջանում Քիլիսի ամենահարուստ ընտանիքներից էր։ Նա նամակում Քուրթին հայտնում էր, որ նրա պապը 1918-ի զինադադարից հետո այս հասարակաց տնից վերցրել է իր քրոջը։ Սա իսկապես ցավալի պատմություն է։
Քուրթը պատմում է բազմաթիվ քանդված ընտանիքների, որբացած երեխաների և կործանված կյանքերի մասին։
Նա նաև նշում է մի բան, որի մասին առաջին անգամ էի լսում։ Նրա խոսքով՝ որոշ մահմեդական ընտանիքներ հայ որբերի էին որդեգրում՝ հարկադիր տարհանման ընթացքում կորածների սեփականությանը տիրանալու նպատակով։ Նա, սակայն, նշում է, որ կային նաև մահմեդական ընտանիքներ, որոնք հայ երեխաների էին որդեգրում՝ բացառապես մարդասիրական նկատառումներով։
Բայց ինձ համար հարված էր այն միտքը, որ գոյություն ունեին ընտանիքներ, որոնք կարող էին որբ երեխաների որդեգրել՝ նրանց սեփականությանը տիրանալու ու հարստանալու համար։
Եթե մի օր մենք կարողանաք լիովին, անկեղծորեն ընդունել այս անցյալն ու այս տարածքներում տեղի ունեցած ողբերգությունները, ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները թե ինքներս մեզ հետ, թե այլոց հետ ընդմիշտ կփոխվեն։
Միգուցե, այդ ժամանակ մենք բոլորովին այլ ինքնություն կունենանք, որը վերջ կդնի մեր հոգիների հարյուր տարվա մենությանը։ Միգուցե, այդ ժամանակ մենք ազատ կլինենք»,- գրում է Օրհան Քեմալ Չենգիզը։