Արցախյան պատերազմի վետերան Հակոբ Թադևոսյանը` կնոջ և չորս երեխաների հետ, անժամկետ նստացույց է սկսել նախագահական նստավայրի մոտ։ Նա պահանջում է հստակ, գրավոր տեղեկություն, թե երբ է հասնելու բնակարան ստանալու իր հերթը։ Թադևոսյանը նախագահին դիմել է նաև մեկ ամիս առաջ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Հրազդանի քաղաքապետարանում ազատամարտիկին առաջարկել են այսուhետ վճարել տան վարձակալության գումարը, սակայն Թադևոսյանը հրաժարվել է։
«Ես շատ բան չեմ պահանջում։ Թող ինձ տան իմ հերթը, թե որ համարն եմ ես, և երբ է հասնելու իմ՝ բնակարան ստանալու հերթը։ Ես ուզում եմ գրավոր, որպեսզի վաղը, մյուս օր պետը փոխվի, չասի՝ չունես դու ստանալու բնակարան, կամ՝ քո հերթին դեռ երկար պետք է սպասես»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Հակոբ Թադևոսյանը։
Նա նշել է, որ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում իրեն հորդորել են պապական տանն ապրել, մինչդեռ, ազատամարտիկի խոսքով, այդ տունն իրեն չեն կտակել։
Թադևոսյանի խոսքով՝ դիմումը հանձնելու պահին իրեն սպառնացել են բռնի ուժով հեռացնել նախագահական նստավայրի մոտից։ Այնուհետև Թադևոսյանի ընտանիքին են մոտեցել Կոտայքի մարզի ոստկանության երկու աշխատակիցներ՝ քաղաքացիական հագուստով։ Ոստիկանները Թադևոսյանին համոզել են իրենց հետ Հրազդան գնալ։
Հիշեցնենք, որ այս օրերին նախագահական նստավայրի դիմացի մայթին հերթական անգամ նստացույց է հայտարարել Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը՝ կնոջ և չորս մանկահասակ երեխաների հետ։ Նա պահանջում է վերանայել մարզի քննիչի՝ գործը կարճելու որոշումը։