2014 թվականի ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նոր նախագահի ընտրությունը։ Խմբի ղեկավար է ընտրվել «Համագործակցություն հանուն Ժողովրդավարության» Կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն Սարգսյանը, ասված է Խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Ռուբեն Սարգսյանը 2009 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ:
Հասարակական դիտորդների խումբը գործում է 2004 թվականից։ Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկներ և ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը հասարակական վերահսկողության տակ պահել։ Խմբին անդամակցում են 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խմբի աշխատանքներին աջակցում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: