հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Լավ է լինելու բոլորի համար»․ կուտակայինի հարցով քննարկմանը հստակություն չեղավ

«Լավ է լինելու բոլորի համար»․ կուտակայինի հարցով քննարկմանը հստակություն չեղավ

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է կուտակային համակարգում պարտադիր պահումներ չկատարելու դիմաց գործատուներին տույժերից ազատելու մասին նախագիծը:

Հանձնաժողովի անդամների համար մութ կետեր են մնացել, մասնավորապես, այդպես էլ հայտնի չի դարձել՝ արդյոք այսուհետև գործատուները գանձելու են պահումները աշխատողներից, թե՝ ոչ:

Ասատրյանի ելույթից հետո հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը խնդրել է հստակ պատասխանել՝ արդյոք ինքը ճիշտ է հասկացել, թե պահումները ուշացնելու կամ չվճարելու համար գործատուները պատասխանատվության չեն ենթարկվի, բայց միևնույն ժամանակ գործատուները պետք է շարունակեն պահումներ անել, և պահեն այդ գումարները մինչև սեպտեմբերի 30-ի ՍԴ-ի վերջնական որոշումը:

Արտեմ Ասատրյանը լռել է, նույն հարցին խնդրել են պատասխանել նաև ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը և ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Արտեմ Ասատրյանը, սակայն, շարունակել է լռել:

«Ինձանից պահում արվելո՞ւ է»,- կրկին հարցրել է Լյուդմիլա Սարգսյանը:

Արտեմ Ասատրյանը հարցին հարցով է պատասխանել է․ «Իսկ դուք ի՞նչ եք պայմանավորվել ձեր գործատուի հետ»:

Նախարարի պաշտոնակատարն այնուհետև ասել է, որ հետագայում գանձումներ անելու հարցը վերաբերում է վերահաշվարկին, իսկ վերահաշվարկի գործընթացը սկսելը ժամանակավրեպ է, քանի դեռ չկա իրավական ակտ:

«Մենք պետք է նկատի ունենանք, որ այս ժամանակահատվածում 15 հազար անձ ընտրություն է կատարել և դրանով մասնակցել է համակարգին: Պետք է գտնենք մի լուծում նաև նրանց համար», – ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե գումարները վերադարձվելու են, թե ոչ:

Մեկ այլ հարցին, թե ի վերջո համակարգը կամավոր է լինելու, թե պարտադիր՝ Ասատրյանն ասել է․ «Լավ է լինելու»՝ քիչ անց ավելացնելով․ «Բոլորի համար»:

ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասել է, որ, ըստ էության, նոր նախագիծը կիսատ քայլ է և ավելի է բարդացնելու իրավիճակը։ Եթե այս նախագիծը չփոխվի, ինքը դեմ է քվեարկելու, հայտարարել է Վարդանյանը:  

Լուսանկարը՝ Արմենպրես