Ապրիլի 25-ի առավոտյան՝ ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի թղթակից Ֆերահիմ Իլգարօղլուն հարձակման է ենթարկվել՝ թերթի խմբագրության մոտակայքում։ Ինչպես հայտնում է Minval.az կայքը, անհայտ անձինք անսպասելիորեն մոտեցել են լրագրողին, նրան ծեծի ենթարկել ու հեռացել դեպքի վայրից։
Լրագրողի մեքենայի վիդեո ռեգիստրատորը, սակայն, գրանցել է, թե ինչպես է լրագրողի վրա հարձակվում ամուր մարմնակազմություն ունեցող մի տղամարդ։ Ինքը՝ տուժողը, Musavat.com կայքին պատմել է, որ բռնության պատճառը չգիտի ու հարձակվողին չի ճանաչում։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկու օր առաջ լրագրողն ավտովթարի մասնակից է եղել, ու նրա մեքենային հարվածած տղամարդուն հաջողվել է հայտնաբերել Իլգարօղլուի մեքենայի տեսախցիկի միջոցով։
Minval.az -ի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ՝ արդյոք հարձակումը վթարի հետ որևէ կապ ունի։