Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսը ապրիլի 28-ի երեկոյան բերման են ենթարկվել Բաքվի օդանավակայանից։ Ամուսինները պատրաստվում էին մեկնել Դոհա, որտեղից Եվրամիության հրավերով պետք է թռչեին Փարիզ, այնուհետև՝ Բրյուսել՝ մասնակցելու միջազգային համաժողովի։ Այս մասին հայտնում է Contact.az կայքը։ Նրանց չեն թույլատրել հանդիպել իրենց փաստաբանին։
Սահմանային անցակետում ամուսիններին արգելել են անցնել սահմանը։ Նրանց ուղեկցող արևմտյան դիվանագետները՝ ի դեմս Ֆրանսիայի դեսպանի և ԱՄՆ-ի փոխդեսպանի, բանակցել են Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հետ, որից հետո Յունուս ամուսիններին թույլ են տվել անցնել, սակայն ավելի ուշ կրկին կանգնեցրել են՝ ինքնաթիռ բարձրանալիս։
Լեյլա Յունուսը Turan գործակալության հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ օդանավակայան են ժամանել քաղաքացիական հագուստով և տեսախցիկներով չորս անձինք ու փորձել հարցաքննել ամուսիններին, սակայն ինքը հրաժարվել է դա անել առանց փաստաբանի ներկայության։
Haqqin.az կայքը գրում է, որ Լեյլա Յունուսն ու Արիֆ Յունուսը ձերբակալվել են ադրբեջանական ռուսալեզու «Հայելի» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի կապակցությամբ։ Վերջինս արտաքսվել է Թուրքիայից ու ձերբակալվել Ադրբեջանում՝ «Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու» և «պետական դավաճանության» մեղադրանքով։
Իրավապաշտպանին հաջողվել է հեռախոսով զրուցել նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցի հետ․ «Այժմ նրանք ստուգում են մեր ճամպրուկները օդանավակայանում։ Առգրավել են մեր համակարգիչներն ու անձնական նոթերը։ Ու այդ ամենը նկարահանում են տեսախցիկով։ Այնուհետև կխուզարկեն բնակարանս ու գրասենյակս։ Իշխանություններն արգելել են մեր ելքը երկրից։ Խուզարկման պատճառները մեզ չեն բացատրել։ Այս ամենն անօրինական է։ Գլխավոր դատախազության աշխատակից Լեմբերանսկին (Ռաուֆ Միրկադիրովի գործով քննչական խմբի ղեկավար) եկել է օդանավակայան ու մեր փաստաբան Հալիդ Բագիրովին արգելել ներկա գտնվել խուզարկությանը»։
Լեյլա Յունուսի խոսքով՝ սա նախագահական վարչակազմի պատվերն է․ «Նրանք ուզում են բացահայտել, այսպես կոչված, Հայաստանի լրտեսների խումբ ու ինձ՝ Լեյլա Յունուսիս, նշանակել այդ լրտեսական խմբի ղեկավար»։
Ավելի ուշ ամուսիններին օդանավակայանից բերել են տուն ու խուզարկել նրանց բնակարանը։ Գիշերը ժամը 3-ի սահմաններում Լեյլա Յունուսի հեռախոսն անջատվել է․ փաստաբան Հալիդ Բագիրովի խոսքով՝ այն, ամենայն հավանականությամբ, Յունուսից խլել են։
Խուզարկություն է տեղի ունեցել նաև նրա ղեկավարած «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» գրասենյակում։ Ինչպես հայտնում է Haqqin.az-ի թղթակիցը՝ խուզարկություններից հետո Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը բերման են ենթարկվել՝ որպես կասկածյալներ։
Փաստաբան Հալիդ Բագիրովի խոսքով՝ Յունուս ամուսինների բնակարանի ու գրասենյակի խուզարկություններն անցկացվել են առանց օրդերի ու փաստաբանի ներկայության։ «Մեզ նաև չեն հայտնել՝ խուզարկությունն ինչ հիմքերով է անցկացվում»,- նշել է փաստաբանը։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ Լեյլա Յունուսի անունը նշվել է նաև «Հայաստանի օգտին լրտեսության» մեջ մեղադրվող Ռաուֆ Միրկադիրովի գործում։ Միրկադիրովը Վերաքննիչ դատարանում հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները։
Տեսանյութը՝ «Ազադլիգ» ռադիոկայանի