«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է հայտնի լրագրող և քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունը։
«Միրկադիրովին ապօրինի կերպով արտաքսելով՝ թուրքական իշխանությունները նպաստել են Ադրբեջանում լրագրողի դեմ հետապնդումներին։ Միրկադիրովի դեմ լուրջ մեղադրանքները բացարձակապես անհեթեթ ու հիմար են »,- կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրի խոսքերն է փոխանցում Contact.az-ը։
Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ լրագրողի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության լուսաբանմանն ուղղված նախագծերին միայն մի նպատակ ունի՝ նպաստել կողմերի երկխոսությանը հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Հայտարարության վերջում հեղինակները գրում են, որ խոսքի ու մամուլի ազատության իրավիճակն Ադրբեջանում տարեցտարի վատթարանում է։ Բազմաթիվ հայտնի լրագրողներ ու բլոգերներ գտնվում են կալանքի տակ կամ հետապնդվում են իշխանությունների կողմից, իսկ սակավաթիվ անկախ ԶԼՄ-ները պայքարում են իրենց գոյության համար։
Հիշեցնենք, որ ադրբեջանական «Հայելի» ռուսալեզու թերթի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է «Հայաստանի օգտին լրտեսության» մեջ ու պահվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում։ Նա ձերբակալվել է ապրիլի 19-ին՝ Թուրքիայից Ադրբեջան ժամանելուն պես։