1915 թվականի իրադարձություններն օգտագործվել են քաղաքական նպատակներով։ Այս մասին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Haqqin.az կայքը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին։
«1915 թվականի իրադարձություններն իրենց շահերի համար օգտագործող երկրներն ու ժողովուրդները պետք է պատրաստ լինեն դեմ առ դեմ դուրս գալ իրենց սեփական պատմությունների հետ»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան Հայաստանի ու հայերի նկատմամբ բարի կամք է դրսևորել ու հույս ունի, որ Երևանը կկարողանա դա գնահատել։
«Պատմության գերին դարձաց ժողովուրդներն ի վիճակի չեն պատմություն կերտել։ Թուրքիան մեծ երկիր է ու չի վախենում իր պատմությունից»,- հայտարարել է վարչապետը։
Միևնույն ժամանակ, թուրքական Internethaber կայքը գրում է, որ Էրդողանը ամերիկյան PBS հեռուստաալիքի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ հերքել է Հայոց ցեղասպանության փաստը։ Լրագրողի հարցին՝ արդյոք Թուրքիան կարող է մի օր 1915-ի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն, Էրդողանը պատասխանել է․ «Այդպիսի բան չի կարող լինել։ Եթե ցեղասպանություն եղած լիներ, այսօր Թուրքիայում բնակվող հայեր չէին լինի։ Իսկ Թուրքիայում այսօր հայեր կան»։
Հիշեցնենք, որ Էրդողանն այս տարվա ապրիլի 23-ին առաջին անգամ հանդես էր եկել 1915 թ․-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ, որում իր ցավակցությունն էր հայտնել1915 թվականի հայ զոհերի ժառանգներին։